Մեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունները պետք է շահութահարկ վճարեն

Մեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունները պետք է շահութահարկ վճարեն

Ավտոներկրմամբ ու դրանց վաճառքով զբաղվող ընկերությունները կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքում են որոշումից, ըստ որի, նրանք պետք է այսուհետ վճարեն շահութահարկ։

«Մեզ պարտադրում են ունենալ 20 տոկոս շահույթ։ Ու ըստ օրենքի` եթե անգամ մենք չունենանք այդ շահույթը, նրանք մեզ պարտադրում են, որ շահութահարկը վճարենք հենց այդ 20 տոկոսից։ Այսինքն` եթե ավտոմեքենան ինձ վրա  նստել է 10000 դոլար, ես ինչքանով էլ այն վաճառեմ, պետք է արդեն առնվազն 2 հազար դոլարի 18 տոկոսը վճարեմ որպես շահութահարկ»,– լրագրողների հետզրույցում ասել է ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։

Նա նշել է, որ նախագծի հեղինակները պատճառաբանել են, թե ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները ունեն այդ եկամուտը, բայց չեն հայտարարագրում։ Ռաֆիկ Ղազարյանը վստահեցրել է, որ եթե նրանք իսկապես այդքան շահույթ ունենային, ապա այսօր այստեղ չէին լինի։

Ավտոներկրող Վարդան Օնանյանն էլ ասել է, որ ոչ մի ընկերություն 20 տոկոս եկամուտ չի ստանում, որ հարկվի այդ 20 տոկոսից։

«Հավաստիացնում եմ ձեզ, որ վերջին տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործարք չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի վաճառքից ունենա 20 տոկոս եկամուտ։ Մեզ պարտադրում են ավելի եկամուտ ունենալ, որպեսզի հարկերը շատ լինեն։ Սակայն ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, թե ես ինչքան եկամուտ պետք է ունենամ։ Եթե տոնածառ ներկրողը այդ տոնածառը գնել է 1000 դրամով, ոչ ոք իրավունք չունի նրան ասելու, որ 1100-ով մի վաճառի, այլ վաճառի 1200-ով»,- ասել է նա։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում