Կայացել է հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը
Նմանատիպ
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսության մակարդակը, հատկապես՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ռաշիդի՝ Հայաստան պաշտոնական այցի համատեքստում: Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը:
Քննարկվել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, առևտրատնտեսական, կրթամշակութային, առողջապահական, հումանիտար և այլ ոլորտներում Հայաստանի և Իրաքի միջև համագործակցության զարգացման, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Նախարարի տեղակալ Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել ԼՂ ժողովրդի էթնիկ զտման հետևանքով ի հայտ եկած մարտահրավերները, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու հայկական կողմի ջանքերը, Հայաստանի տեսլականը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և մերձավորարևելյան տարածաշրջանի համար այս համատեքստում ստեղծվող հնարավորություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում