Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: Այս մասին զեկույց է հրապարակել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

«Այժմ, երբ երկու պատերազմներն էլ ավարտվել են, բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն Ժնևի կոնվենցիաների համաձայն: Ռազմագերիների մեծ մասը գերեվարվել է 2020 թվականի պաշտոնական հրադադարից մեկ ամիս անց Խծաբերդի տարածքում»,-նշված է զեկույցում։

Անդրադարձ է կատարվել նաև, որ 2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։

«Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսներն ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,- ասվում է զեկույցում:

Անդրադառնալով պատանդներին՝ հիշեցվում է, որ 2020 թվականից ի վեր նաև անհայտ թվով հայ խաղաղ բնակիչներ են գերեվարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, նաև Հայաստանի սահմաններին։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա ըստ զեկույցի՝ 36 հայ ռազմագերի շարունակում է մնալ ադրբեջանական բանտերում: Այնինչ, ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեին:

Զեկույցում անվանական ներկայացված են բոլոր գերիները՝ այդ թվում ԼՂ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցրած, նաև գերեվարված քաղաքացիական անձինք և զինվորականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում