ԱՄԷ–ի ներդրումները շատ նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ

ԱՄԷ–ի ներդրումները շատ նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ

Հայ-էմիրաթական փոխգործակցությունը բարձր մակարդակի է, և երկու երկրների հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ելույթ ունենալով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Ելույթի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև տեսանյութը հրապարակված է Արշակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև ստորագրվել են երեք տասնյակից ավելի կարևոր փաստաթղթեր, հիմք է դրվել երկու կառավարությունների միջև ընդլայնված համագործակցության օրակարգին: Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանից ԱՄԷ և հակառակ ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների թիվը»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը։

Նա նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, առևտրի ծավալը տարեցտարի ավելանում է: Եթե 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշով, ապա ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի է հասել։

«Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանի և Էմիրությունների գործարար շրջանակների միջև սերտ համագործակցություն է ծավալվում»,- ընդգծել է Արշակյանը։

Առևտրատնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ընդգծվել է ՀՀ և ԱՄԷ միջև կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի:

Արշակյանը հիշեցրել է նաև երկու երկրների միջև ևս մեկ կարևոր քայլի մասին՝ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկումը։ Արձանագրությունն արդեն վավերացման փուլում է և մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։

Հակոբ Արշակյանը նաև կարևորել է երկուստեք ակտիվ մասնակցությունը տարբեր գործարար հանդիպումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին, միջազգային կազմակերպություններում առկա կառուցողական համագործակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում