Արևմուտքը փորձում է ՌԴ-ին դուրս մղել Ղարաբաղից․ Պեսկով
Նմանատիպ
Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դերակատարություն ունենալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Ռոսիա 1»-ի եթերում հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պեսկովին հարցրել են արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների մասին, որոնք իրենց խնդիրն են համարում ռուս խաղաղապահներին Ղարաբաղի տարածաշրջանից դուրս մղելը և Ռուսաստանի ու Հայաստանի միջև կապերը խզելը։
«Դե, տեսնում եք, ինչ-որ տեղ, երևի երեք, չորս, հինգ տարի առաջ, նման կռիվ է տարվել դիվանագիտական դիմակներով, հիմա այս դիմակները վաղուց դուրս են նետվել, և կռիվն ընթանում է դեմ առ դեմ, բաց երեսկալով։ Իրոք, մի շարք երկրներ դեռևս փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչն, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այս թվով երկրներ դժվար թե կարող են միջնորդի որևէ դեր հավակնել, քանի որ նրանք ունեն «կողմնապահ դիրքորոշում», – ասել է Պեսկովը:
«Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով, ինչ-որ բան պնդել և՛ անհնար է, և՛ անտեղի։ Եվ այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո՛, մենք գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք ի վիճակի չէ խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր, բացառությամբ Ռուսաստանի, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում