Երևան-Բաքու ուղիղ բանակցություն սահմանին կամ թուրքական թակարդը
Նմանատիպ
Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սպասվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը:
Սա ոչ միայն հայտարարություն էր հանդիպման օրվա և տեղի, այլև ձևաչափի մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպելու են առանց միջնորդի, շփումները լինելու են ուղիղ:
Բաքվի համաձայնությունը
Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ ընդգծել էր, որ պայմանավորվածությունը նախնական է: Նույն օրը՝ օրվա երկրորդ կեսին Բաքվի ԱԳ նախարարությունը ևս հայտարարություն տարածեց, ինչը պայմանավորվածությունը դարձրեց հաստատ:
Եվ այսպես, ինչպես գործը հասավ ուղիղ բանակցություններին:
Հոկտեմբերի 5-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների՝ արևմտյան միջնորդությամբ: Բաքվի պատճառաբանությունը Էրդողանին այդ հանդիպմանը չհրավիրելն էր:
Հոկտեմբերի 25-ին պարզ դարձավ, որ Ալիևը չի մեկնում նաև Բրյուսել: Չկայացավ Փաշինյան-Միշել-Ալիև հերթական հանդիպումը: Բաքվի պատճառաբանությունը՝ Ալիևը ժամանակ չուներ: Իրական պատրվակը համապատասխան բառապաշարով հայտնվեց Ալիևի վերահսկողությամբ գործող մեդիայում. «ԵՄ գլխավոր դիվանագետ Բորելը «լկտի հայտարարություններ է արել, երբ չեզոք միջնորդը չպետք է իրեն այդ կերպ պահի, չպետք է զբաղվեն քաղաքական մարմնավաճառությամբ և կոչ անի «օկուպացիայի զոհ Ադրբեջանին» ճանաչել «ագրեսոր Հայաստանի» տարածքային ամբողջականությունը»:
Նոյեմբերի 16-ին պարզվեց, որ նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում կազմակերպվում էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, բայց Ադրբեջանը հրաժարվեց մեկնել այդ հանդիպմանը ևս: Պատճառաբանությունը նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններն էին:
Երբ Բաքվից մերժում էին արևմտյան միջնորդներին, Երևանից նույն հետևողականությամբ մի կողմից անտեսում էին հանդիպում կազմակերպելու Մոսկվայի առաջարկը, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը և նրա նախարարները բոյկոտեցին ԱՊՀ և ՀԱՊԿ հարթակները:
Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին՝ խուսափելով Պուտինի միջնորդությամբ Ալիև հետ հանդիպումից:
Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին՝ այլ կերպ ասած ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովին: Պաշտոնական պատճառ չնշվեց, բայց Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՀԱՊԿ հետ իր հակասությունը: 2022-ի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը պահանջել էր քաղաքական գնահատական տալ սեպտեմբերին ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմանը, ինչը տեղի չունեցավ:
Միակ հանդիպումը, որին ներկա էր ռուսական կողմը և, որին Փաշինյանի թիմը մասնակցեց, 3+2 ձևաչափով հանդիպումն էր Թեհրանում, որին մասնակցում էին նաև Թուրքիան և Ադրբեջանը: Եվ այդ հանդիպման բովանդակությունը պատկերավոր կերպով մատնեց հայտնի լուսանկարը՝ զրուցում էին Բայրամովը և Ֆիդանը, Լավրովը և Աբդոլահիանը, մեկուսացվածի դիրքում Միրզոյանն էր։
Բաքվի ծուղակային առաջարկը
Երբ ջրի նման պարզ էր, որ Բաքուն հրաժարվում է արևմտյան հարթակներից, Երևանը՝ մոսկովյան, Ադրբեջանի ԱԳ նախարարությունից հնչեց առաջարկությունը՝ ընտրել փոխադարձ ընդունելի մայրաքաղաք կամ հանդիպում կազմակերպել սահմանին:
Հայկական կողմն ընտրեց սահմանին հանդիպելու տարբերակը՝ ուղիղ շփումները սահմանափակելով միայն սահմանազատման թեմայով։
Այնինչ ակնհայտ է, որ կա՛մ Ալիևի համար արդեն ընդունելի չեն այն համաձայնութունները, որ ձեռք են բերվել արևմտյան հարթակներում, կա՛մ Ալիևն անուղղակի հրաժարվում է այդ համաձայնությունների իր մասը կատարելու պարտավորությունից, կա՛մ Ալիևը ձգտում է ավելիին: Իրականում՝ երեքը միասին։ Այլապես չէր հրաժարվի արևմտյան միջնորդներից, որոնք ապահովեցին առավելագույնը՝ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն ու անկլավ կոչվածները ներառյալ։
Հետևաբար, եկել է Փաշինյանի հետ այլ կերպ խոսելու ժամանակը։ Ուղիղ և առանց միջնորդների բանակցությունները նշանակում են թուրքական թակարդ Փաշինյանի համար։
Ընդհանրապես, ուղիղ շփումը բանակցային դրական դիրքորոշում է։ Բայց ոչ այն պարագայում, երբ առաջին կողմը մինչև այս պահը եղել է զիջողի դերում, երբ առաջին կողմը Փաշինյանն է, և երբ երկրորդ կողմը, ակնհայտորեն միայնակ չլինելով, ուղիղ շփումը դիտավորությամ առաջ է քաշել ճնշում գործադրելու, պարտավորություն չստանձնելու կամ ստանձնած պարտավորություններից խուսափելու միտումով։
Ներկա ծուղակի առաջին նշանները պարզորոշ երևացին դեռ 5 ամիս առաջ՝ մայիսի 28-ին։ Հանձնված Բերձորում Ալիևն ուղիղ, հրապարակային, տեսախցիկների առաջ պահանջեց ընդունել իր պայմանները, այլապես դելիմիտացիա չի լինի. «Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք կասենք։ Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել։ Ոչ ոք չի օգնի նրանց՝ ոչ Եվրոպայից եկած ֆրանսիացի թոշակառու ոստիկանները, ոչ էլ ուրիշ մեկը»։
Եվ այստեղ Ալիևի խոսքը բոլորովին էլ միայն դելիմիտացիայի մասին չէր։ Բաքվի պարագլուխը մշտապես է ընդգծում, որ Փաշինյանը պարտավոր է ընդունել միայն իրեն թելադրված պայմանները։ Սրա ֆոնին է, որ Երևանում քիչ չէ կան սպասումներ, թե Ալիև-Էրդողան զույգը թուրքական միջանցքի փոխարեն կհամաձայնի հայկական խաչմերուկին, մյուս կողմից էլ պատրանքն է, թե ուղիղ շփումներով կկարողանան գտնել լուծումներ ու զսպել թուրքերին։
Ի՞նչ նկատի ունեն իրենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով
Բաքվի հետ ներկա իրողությունների բնորոշումը տվեց նաև հենց ինքը՝ Փաշինյանը, նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին պատասխանելիս։
«Այս պահի դրությամբ դեռևս ակնհայտ և պարզ չէ՝ ի վերջո Ադրբեջանը համաձայնում է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ այդ երեք սկզբունքները համաձայնեցված են բանակցությունների ընթացքում և այդ համաձայնությունը ըստ էության արտահայտվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին եռակողմ՝ ԵԽ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքներով», – ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, թե որոնք են այդ սկզբունքները։
Առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.800 ք/կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86.600 ք/կմ։
Երկրորդը՝ դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմա Աթայի հռչակագիրն է։ Եվ այս սկզբունքի հետագա զարգացմամբ ձեռք է բերվել ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն 1974-ից 1990 թվականների ԽՄ ԶՈՒ ԳՇ քարտեզները։
Երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։
Իր խոսքում Փաշինյանը արձանագրեց. «Հիմա հստակ չէ, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող հստակ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը և նրբությունները պարզաբանել։
Առաջիկայում այդպիսի քննարկում գոնե քարտեզների, սամանների մասով նախատեսված է նոյեմբերի 30-ին սահմանագծման հանձնաժողովների ֆորմատով, և այդ քննարկումներից նաև մենք հետևություններ կանենք, և եթե այլ բանակցություններ լինեն, այլ բանակցություններից մենք հետևություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից։ Փաստն այն է, որ մինչև այսօր մենք նման վստահություն չունենք ոչ մի կողմում։ Չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունենք, ինչ նկատի ունեն իրե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով»։
Փաշինյանի երեք սկզբունքների վերաբերյալ էլ Բաքվի անհամաձայնությունը բացահայտ դրսևորվել է։ Առաջինի մասով՝ Հայաստանի ամբողջ տարածքը Բաքվում Ալիևի ձևակերպմամբ հայտարարված է «Արևմտյան Ադրբեջան»։
Երկրորդի մասով՝ Բաքվում առավել նախընտրում են, օրինակ, բոլորովին այլ քարտեզներ։ Նախիջևանում Էրդողանի կողքին նստած Ալիևը հայտարարեց. «1920 թվականին խորհրդային իշխանությունների կողմից Արևմտյան Զանգեզուրը անջատվեց Ադրբեջանից՝ դրանով իսկ խզելով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի աշխարհագրական կապը»։
Իլհամ Ալիևը փաստացի Արևմտյան Զանգեզուր է անվանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը։
Փաշինյանի երրորդ սկզբունքի մասով ամեն ինչ ավելի աղմկոտ ու ակնհայտ է՝ թուրքական միջանցքն Էրդողանը վստահաբար չի պատկերացնում հայկական վերահսկողությամբ։
Այնպես որ, Բաքվի դիրքորոշումներն ու իրական նպատակները հասկանալու, հետևություններ անելու համար առավել պարզորոշ ու անկեղծ ցուցիչներ կան՝ ուղիղ շփումների թուրքական ծուղակն ընկնելու փոխարեն։
Անի Ավետյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն
Հետևեք մեզ նաև Telegram-ում