Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Նմանատիպ
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ Վաշինգտոնի՝ Փաշինյանի հետ Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին։
Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը։
«Մենք աշխատում ենք աջակցել նրա տեսլականին բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի համար», – ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի՝ ասել է Բլինքենը:
Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Վարչապետի գրասենյակից հաղորդում են, որ կողմերը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի Կառավարության դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը, ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը:
Ալիևի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ գիտակցում են այն տառապանքը, որ երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք կբերի խաղաղությունը տարածաշրջանին:
Միլլերը նշել է, որ Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի մշտական հարաբերությունները, նշել հարաբերություններում վերջին անհանգստացնող կետերը, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, հատկապես՝ խաղաղ գործընթացի շուրջ և բարձր մակարդակի ներգրավվածության կարևորության մասին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրոյցում բողոքել է, թե Հայաստանը 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկներին պատասխանել է նոյեմբերի 21-ին՝ այսպիսով 70 օրով հետաձգելով պատասխանը։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստն օգտագործում է որպես պատրվակ՝ ձգձգելու բանակցային գործընթացը», – ասել է Ալիևը։
Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում