Գալու է ժամանակ՝ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն կողք կողքի․ Սիմոնյան
Նմանատիպ
Գալու է ժամանակը, ու ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ հայերն ու ադրբեջանցիները ապրեն կողք կողքի, առևտուր անեն։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ բացառում, որ ինչ–որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք` իրենց տները, չեմ բացառում, որ ինչ–որ ադրբեջանցիներ ինչ–որ ժամանակ անց կգան ու բնակություն կհաստատեն ՀՀ–ում»,– ընդգծել է նա։
Հարցին` արդյոք այդ մասին նշված է նաև խաղաղության պայմանագրի մեջ, Սիմոնյանը պատասխանել է` նման բան չի տեսել։
Ըստ նրա` վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ առնվազն մոտ ժամանակներս անհնարին է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ ու Շուշի կամ այն բնակավայրերը, որոնք եղել են հայկական։
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև անկլավների թեմային։
«Եթե կան իրավական հիմքեր, ապա հայկական կողմը պատրաստ է անկլավները վերադարձնել, բայց փոխարենը Ադրբեջանն էլ Արծվաշենը պետք է վերադարձնի։ Ի դեպ, Արծվաշենն իր տարածքով շատ ավելի մեծ է, քան այն 2–3 անկլավը, որոնց մասին Ադրբեջանը կարող է խոսել։ Ադրբեջանը հաճախ խոսում է 4 գյուղի մասին, սակայն մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ինչ–որ մաս գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո»,– ընդգծել է նա։
Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի` նոյեմբերի 30–ին նախատեսված հանդիպումից բացի, երկու երկրների առաջնորդների հանդիպման համաձայնություն չկա, թեև հայկական կողմը պատրաստ է քննարկել նման հանդիպման ցանկացած առաջարկ։
«Ադրբեջանի կողմից ժամանակ ձգելը, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ է տալու Ադրբեջանին ու տարածաշրջանին, որ անընդհատ խուսափում է, չի գալիս տարբեր ձևաչափերով հանդիպումներին»,– նշել է նա։
Սիմոնյանը նաև չի բացառել Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հնարավորությունը` ավելացնելով, որ հայկական կողմը երբևիցե որևիցե բան չի կարող բացառել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում