Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները
Նմանատիպ
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին ԶԼՄ-ների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«2023 թվականի նոյեմբերի 28-ին արտգործնախարարություն են կանչվել ԱՄՆ-ի և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը։ Հանդիպումների ընթացքում նրանց ուշադրությանն է ներկայացվել, որ «AbzasMedia» լրատվական պորտալը, այս երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացրել է անօրինական ֆինանսական գործարքներ։ Այդ գործունեությամբ զբաղվել են այդ երկրների դեսպանատները։ ԱԳՆ-ն արտահայտել է խիստ բողոք այս գործունեության դեմ»,- ասված է հայտարարության մեջ։
Դիվանագետներին հայտնել են, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), FreedomNow, New Democracy Fund և այլ կազմակերպություններ, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջանի տարածք։ Միաժամանակ ընդգծվել է, որ պետական գրանցում չանցած նախագծերի ֆինանսավորումը երկրի օրենսդրության կոպիտ խախտում է։ Բացի այդ, նրանց հիշեցվել է, որ «Լրատվամիջոցների մասին» ադրբեջանական օրենքի համաձայն՝ չի թույլատրվում տեղական լրատվամիջոցների ֆինանսավորումը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների կողմից։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի տարածքում իրենց երկրների դեսպանատների և կազմակերպությունների այս հակասական գործողությունները նաև դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում են։
ԱԳՆ-ն համարել է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների գործողություններն ուղղված են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն և հայտարարել, որ Բաքուն «այդ փաստերի կապակցությամբ իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան»:
Ավելի վաղ Ադրբեջանի իրավապահ մարմինները արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել էին «AbzasMedia» անկախ ինտերնետային պորտալի հիմնադիր և տնօրեն Ուլվի Հասանլիին և նրա գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզիին։ Դատարանը որոշել է նրանց կալանքը կիրառել չորս ամիս ժամկետով։ Իրենք՝ լրագրողները, կարծում են, որ իրենց կալանավորել են մասնագիտական գործունեության համար՝ կապված պորտալում կոռուպցիայի մասին նյութեր հրապարակելու հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում