Լոնդոնում ստորագրվել է հայ-բրիտանական համագործակցության ծրագիրը
Նմանատիպ
Այսօր Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Լոնդոն մեկնած հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Լևոն Այվազյանը և ՄԹ ՊՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։
Կողմերը պայմանավորվել են 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը,տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում