ԵՄ երկրները 96%-ով մերժում են ապաստան տրամադրելու դիմումները
Նմանատիպ
Եվրոպական միության երկրները մեծամասամբ մերժում են հայաստանցիների՝ ապաստան տրամադրելու դիմումները։ Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ երկրների հետ Հայաստանն ունի հետընդունման բնագավառում համագործակցություն, որի շրջանակում պարբերաբար քննարկումներ են անցկացվում
«Վերջին կոմիտեն տեղի ունեցավ Երևանում շուրջ մեկ ամիս առաջ։ Եվրոպացի գործընկերները մեզ ներկայացրին, որ Հայաստանից գնացած անձանց ներկայացրած ապաստանի դիմումների 96 տոկոսը ԵՄ անդամ երկրներում մերժվում են»,- հայտնել է նա՝ անդրադառնալով նաև Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած արցախցիների շրջանում տարածված այն մտայնությանը, թե այդ կարգավիճակով ավելի հեշտ է հնարավոր տեղափոխվել ԵՄ երկներ։
Ըստ Ղազարյանի՝ փախստականի կարգավիճակը ամենևին էլ չի երաշխավորում, որ արտասահմանում նրանց գրկաբաց կընդունեն։
«Կենցաղային լեզվով ասած՝ մարդիկ մտածում են, եթե ունենանք փախստականի կարգավիճակ, հետո գնանք Եվրոպա, ավելի հեշտ կլինի հանձնվելը։ Մինչդեռ այս ամենի ետևում իրավական այլ գործընթաց է թաքնված»,- նշել է Ղազարյանը՝ հավելելով, որ արցախցիների պարագայում՝ նրանք գաղթել են այն երկրից, որտեղ նրանց կյանքին սպառնում էր վտանգ, տվյալ դեպքում Արցախից ու պաշտպանություն են ստացել առաջին ապահով երկրում՝ Հայաստանում։
«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տվել է պաշտպանություն ու ճանաչել է փախստական։ Երբ անձը գնում է երկրորդ կամ երրորդ երկիր դրանից հետո, այդ երկիրը, այո, եթե ապաստանի դիմում ներկայացնի, քննելու է այն, սակայն ի՞նչ տրամաբանությամբ է քննելու․ նայելու է, որ անձը եկել է այն տարածքից, որտեղ նրա կյանքին վտանգ էր սպառնում, պաշտպանություն է ստացել առաջին ապահով երկրում, իսկ հիմա կատարվում է երկրորդային միգրացիոն տեղաշարժ։ Ավելին, ոչ թե նրա կյանքին վտանգ է սպառնում Հայաստանում, այլ պարզապես որոշել է փոխել իր բնակության վայրը։ Այս տրամաբանությամբ, ակնհայտ է, որ այդ դիմումների ճնշող մեծամասնությունը մերժվելու են»,- ընդգծել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում