Արդյո՞ք ՀՀ-ն ՌԴ-ին դատի կտա. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Արդյո՞ք ՀՀ-ն ՌԴ-ին դատի կտա. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով

Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- պատասխանել է ՊՆ փոխնախարարը։ Սարգսյանը նշել է` միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։

Մասնագետները բողոքում են «Հայոց պատմություն» 7 դասագրքի սխալներից

Մասնագետներն ուսումնասիրել են «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը և ձևակերպել միահամուռ տեսակետ, որը հաստատվել է «Մասնագիտական եզրակացություն» փաստաթղթով։ Տեղեկությունը հայտնում է «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ–ն։

«Քննության նյութ դարձնելով խնդրո առարկա դասագիրքը՝ գտնում ենք, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի խնդրում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում»,– ասված է հայտարարությունում։

Դասագիրքն ուսումնասիրած մասնագետները 7 սխալ են առանձնացրել։

Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կստորագրեն

Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կստորագրեն Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Աթենքում: Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ERT պետական հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Հունաստանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի հինգերորդ նիստը տեղի կունենա Աթենքում՝ երկու երկրների մի շարք նախարարների մասնակցությամբ:

«Սպասվում է, որ երկու կողմերի միջև առնվազն 20 համաձայնագիր կստորագրվի, որոնցից գլխավորը միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրն է»,-ասվում է հրապարակման մեջ:

Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ այդ պաշտոնում նշանակվել է Ազիզ Մանսուրին, որը կփոխարինի Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։

Ինչ վերաբերում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հարաբերություններին, Ազիզ Մանսուրին հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում։

Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է զոհվել

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

ՀՀ-ն ԵԱՏՄ-ի հետ քննարկում է Վերին Լարսում ստեղծված իրավիճակը

Այս պահին երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում ԵԱՏՄ իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։

Դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ԱԳՆ

Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում