ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա
Նմանատիպ
Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման նախագծի վրա։ Այժմ մասնագետները տեխնիկատնտեսական ուսումնասիրություն են իրականացնում կամրջի հետագա նախագծման համար։ Այս մասին Spuntik Արմենիայի հետ զրույցում hայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Մենք պետք է ճշտենք կամրջի կառուցման տեխնիկական ցուցանիշները։ Ընդ որում, հաշվի կառնվեն գործող կամրջի պարամետրերը, մասնավորապես՝ դրա թողունակությունը»,- ասել է Ղալեչյանը։
Չի բացառվում, որ նոր կամուրջը գործողին զուգահեռ կառուցվի։ Միաժամանակ փոխնախարարը կոչ է արել չշտապել և սպասել տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտին, որը կօգնի որոշել նոր կառույցի երկարությունը, լայնությունը, թողունակությունը և այլ պարամետրերը:
Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի ամենահարավային հատվածի կառուցմանը՝ Իրանին սահմանակից Ագարակից մինչև Քաջարան քաղաք (32 կմ), Ղալեչյանը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի 2024 թվականի փետրվարից։
«Ընկերությունը պետք է մեծ քանակությամբ տեխնիկա մոբիլիզացնի, ճամբար ստեղծի։ Մեր նախնական գնահատմամբ՝ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի փետրվարից ոչ ուշ։ Մենք սպասում ենք իրանական ընկերության աշխատանքային ծրագրին»,-ասել է Ղալեչյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում