Չինաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին մեղադրել Է Թայվանի անջատողականներին աջակցելու մեջ

Չինաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին մեղադրել Է Թայվանի անջատողականներին աջակցելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի աջակցել անջատողական ուժերին, որոնք հանդես են գալիս Չինաստանից Թայվանի անկախացման օգտին: Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ը չմիջամտի Չինաստանի ներքին գործերին և չաջակցի Թայվանի անկախության օգտին հանդես եկող որևէ ուժի»,- շեշտել է Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր, որ Թայվանի անկախությունը պատերազմ է նշանակում:

«Ես ուզում եմ ընդգծել, որ Թայվանի անկախությունն անհամատեղելի է Թայվանի նեղուցի խաղաղության հետ։ Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ և փակուղի»,-ասել է դիվանագետը ՝ մեկնաբանելով կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Թայվանին Հոնկոնգյան խաղաղություն պետք չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում