Formula VC վենչուրային ֆոնդը 200 հազար դոլարի ներդրում է կատարել ProdMap ստարտափում
Նմանատիպ
Formula VC վենչուրային ֆոնդը 200 հազար դոլարի չափով ներդրում է կատարել ProdMap ստարտափում։
Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 15-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ Formula VC-ն մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։
Prodmap AI-կառավարման և գործառնական հարցերի համար նախատեսված հարթակ է, որը թույլ է տալիս արհեստական բանականության կիրառությամբ, մեկ հարթակում ստեղծել պրոդուկտներ, կառավարել նախագծերի ճանապարհային քարտեզներ, ապահովել թիմերի կապը։
«Ներդրում կատարելով ProdMap-ում՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը աջակցելու նորարարական լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպություններին կենտրոնացնել պրոդուկտի մշակումը և կառավարումը մեկ, օգտագործողի համար հարմար հարթակում՝ վերացնելով բազմաթիվ փաստաթղթերի և գործիքների անհրաժեշտությունը: Ուրախ ենք աջարկցել ProdMap-ին և անհամբեր սպասում ենք այն դրական արժեքին, որը հարթակը կստեղծի բիզնեսների և թիմերի համար՝ հնարավորություն տալով նրանց ավելի արդյունավետ կերպով հասնել իրենց նպատակներին»,- նշել է Formula VC-ի համահիմնադիր, գործընկեր Կարեն Վարդանյանը։
«Formula VC-ի հետ համագործակցությունը առաջին իսկ օրվանից շատ սահուն ու արդյունավետ է, և ուրախ ենք, որ նախասաղմնային փուլում ի դեմս ֆոնդի ունենք նման աջակցող գործընկեր։ Ներդրումը կօգնի զարգացնել պրոդուկտը և ճիշտ դիրքավորել ProdMap-ը շուկայում»,- նշել է ProdMap AI-ի համահիմնադիր և տնօրեն Րաֆֆի Օհանյանը։
Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող ստարտափներին ռեսուրսներով, կապերով, մասնագիտական ցանցով և նպաստել, որպեսզի այդ նորարար թիմերը դառնան գլոբալ խաղացողներ իրենց ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում