Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարության մառախուղի էֆեկտը
Նմանատիպ
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Հայաստանի կառավարությունը տարածեց լուրը՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ գերիների, Հայաստանը՝ Սյունիք ներխուժած 2 ադրբեջանցիներին։
Այս անսպասելի կամ չափազանց երկար սպասված լուրը ստեղծեց դրական ֆոն՝ հայտարարության ամբողջ տեքստի բովանդակության համար, բայց իրականությունն այն է, որ Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարությունը պարունակում է ռիսկեր Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին գրում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը։
Տեքստի բովանդակությունը և իրականությունը. Մաս 1
Եվ այսպես, Փաշինյանի աշխատակազմի և Ալիևի վարչակազմի համատեղ հայտարարության տեքստի առաջին պարբերության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»:
Նախ՝ «Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն» ձևակերպման հեղինակն ու գլխավոր սպառողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է՝ դրանից բխող կեղծիքով։ Երկրորդ՝ այդ կեղծիքի հիմքում երկու օր առաջ սահմանին սպանված հայ զինվորն է, դրանից առաջ մեկ օրում՝ սեպտեմբերի 19-ին սպանված 200-ից ավելի հայերը, դրանից առաջ՝ սեպտեմբերյան հարձակումը և Հայաստանի տարածքում 200-ից ավելի հայերի սպանությունը, դրանից առաջ…
Եղածն առայժմ հայերին սպանելու պատմական հնարավորություն է։
Փաշինյանի աշխատակազմի և Ալիևի վարչակազմի համատեղ հայտարարության տեքստի առաջին պարբերության մեջ նաև նշված է. «Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը»։
Նախ՝ երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 24-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունենք, ինչ նկատի ունեն իրե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով»։
Հետևաբար, Հայաստանի այդ ի՞նչ և ո՞ր տարածքային ամբողջականության մասին է խոսքը, որն Ալիևը վերահաստատել է, թե հարգում է։
Երկրորդ՝ Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու վերահաստատման մեջ ինչպե՞ս է տեղավորվում մեկ օր առաջ Ալիևի հնչեցրած այս հայտարարությունը. «Ադրբեջանից Նախիջևան պետք է հեշտ մուտք լինի։ Ինչպես արդեն ասել եմ Փաշինյանին, սա Ադրբեջանից Ադրբեջան անցում է լինելու, հետևաբար, չպետք է լինեն մաքսազերծում, ստուգումներ, սահմանապահների ընթացակարգեր»։
Տեքստի բովանդակությունը և իրականությունը. Մաս 2
Փաշինյանի աշխատակազմի և Ալիևի վարչակազմի համատեղ հայտարարության տեքստի երրորդ և չորրորդ պարբերությունները գերիների մասին են. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»։
Սա գլխավոր պարբերությունն է։ Որը Փաշինյանին անհրաժեշտ էր, քանի որ գերիները, որ պետք է մի քանի ամիս Բաքվի բանտերում սպասելու համար ներեին, այնտեղ էին արդեն երեք տարի։ Ինչն ասուլիսների, հարց ու պատասխանների ժամանակ արդեն սկսել էին հիշեցնել Փաշինյանին։
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի տվյալով՝ մինչև այս փոխանակումը Բաքվում պահվող հայ գերիների պաշտոնական թիվը 55 էր։ Նրանցից բացի հայտնի է, որ Ադրբեջանը գերեվարվել է առնվազն 80 հայի ևս, որոնց ճակատագրերը պարզելու ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում։
Իրականում՝ գերիների փոխանակումն Ալիևի ստանձնած պարտավորությունն էր դեռ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այն նույն հայտարարությամբ, որը մշտապես առաջ բերելով պահանջում է միջանցք Հայաստանի տարածքով։
Հիմա Ալիևին այսպիսի քայլը պետք էր՝ համոզելու, թե ուղիղ բանակցություններով հնարավոր է արդյունքի հասնել, ինչն էլ բացատրելու գործին անմիջապես նետվեցին Բաքվի քարոզչահարթակները։ Առաջին հերթին, իհարկե, նշելով, որ ազատ արձակված գերիների թվում չեն Արցախի նախագահները, Ռուբեն Վարդանյանը, այն հայերը որոնց դատավարությունները վերածում են կրկեսի։
Ուղիղ բանակցությունների պահանջը բավարարված է
Հայաստանի հետ ուղիղ բանակցելու Ալիևի պահանջն ունի թուրքական ծագում։ Փաշինյան-Էրդողան կարգավորման գործընթացը կանգ է առել, հատուկ ներկայացուցիչները չեն հանդիպում այն պահից, երբ թուրքական կողմը հրապարակային կերպով պահանջեց հանդիպել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում, ինչը նշանակում էր լուսանցքում թողնել միջնորդներին։
Ուղիղ բանակցությունները դրական ու ողջունելի են, բայց ոչ այսօրվա Հայաստանի պարագայում, և ոչ այն բացահայտ իրականության հետ, որ երկրորդ կողմը Թուրքիայի արբանյակն է։ Նիկոլ Փաշինյանին դիտավորությամբ քաշում են ուղիղ բանակցությունների ծուղակը՝ ճնշում գործադրելու, առանց վկաների և ազդեցիկ դիմադրության նոր զիջումներ պարտադրելու, պարտավորություն չստանձնելու կամ ստանձնած պարտավորություններից խուսափելու միտումով։
Չեն հանձնվում միջնորդները
Փաշինյան-Ալիև հայտարարությունից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 11-ին Բրյուսելում սպասվում է ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների համաժողովը, ինչը նշանակում է, որ միաժամանակ Բրյուսելում են լինելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Առանձին հանդիպման մասին հայտարարություն դեռ չկա։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առաջին և դեռևս միակ միջնորդն է, որը ողջունել Փաշինյան-Ալիև հայտարարությունը՝ այն անվանելով «մեծ առաջընթաց»։ «Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխավորած բրյուսելյան գործընթացի գլխավոր նպատակը։ Այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է», – նշել է Միշելը՝ հավելելով, որ այժմ խրախուսում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը։
Փաշինյան-Ալիև հայտարարությունից րոպեներ անց ՀՀ ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հանդիպման մասին։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին:
Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր հայտնել, որ պետքարտուղար Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:
Ստացվում է՝ մի կողմից համաձայնել ուղիղ բանակցությունների, մյուս կողմից՝ մեկնել Բրյուսել ու Վաշինգտոն և հրաժարվել Մոսկվայի առաջարկով հանդիպումից։ Բանակցային գործընթաց, որը թափթփված է, անհավասար, տորթից կտոր պոկելու բոլորի փորձերով, և վերջնարդյունքով, որը ոչինչ չի երաշխավորի։ Առավել ևս խաղաղություն և անվտանգություն։
Անի Ավետյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն