ԼՂ-ից տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. ԿԳՄՍ փոխնարարար

ԼՂ-ից տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. ԿԳՄՍ փոխնարարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը դեկտեմբերի 12-ին Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար գործարկվել է հարթակ, որտեղ ներկայացված են ՀՀ հանրակրթական դպրոցներում առկա թափուր տեղերը:

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են ընտրել իրենց բնակության վայրում հարմար դպրոց, արտամրցութային կարգով անցնել աշխատանքի և ունենալ 30 տոկոս հավելավճար: Իսկ որոշ մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի և Վայոց ձորի բոլոր դպրոցներում, իսկ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքների ուսհաստատություններում ունենալ ևս 50 հազար դրամ հավելավճար: Այս պահի դրությամբ՝ 200 ուսուցիչ դիմել է գործուղման կարգով աշխատելու համար. նրանցից 12-ը հրաժարվել է, ինչը պայմանավորված է բնակության վայրի փոփոխությամբ: 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է հանրակրթական դպրոցներում», – տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ առաջիկայում այդ ուսուցիչները Համաշխարհային բանկի աջակցությամբ կվերապատրաստվեն, որպեսզի պատրաստ լինեն Հանրակրթության պետական նոր չափորոշչով դասավանդելուն: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ արդեն կազմվել են խմբերը և ժամանակացույցը, և մինչև դեկտեմբերի վերջ կիրականացվի վերապատրաստման դասընթացը:

Ինչ վերաբերում է Երևանում աշխատանք փնտրող ուսուցիչներին, ապա Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նրանք աշխատանքի կարող են անցնել ընդհանուր ընթացակարգով՝ մասնակցելով մրցույթի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում