Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու հարցում

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու հարցում

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին, եթե սկսվեն ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստական աշխատանքները։

Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում։

Ըստ նրա` տարածաշրջանում ԵՄ ընդլայնման հիմնական ուղերձը կապված է Վրաստանի հետ։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը կկարողանա ընդունել այս որոշումը։
«Դա հեշտ չէ, բայց Էստոնիան պատրաստ է աջակցել այդ ընդլայնման գործընթացներին»,- նշել է Ցահքնան։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի ղեկավարության հետ նրա քննարկման թեմաներից մեկը լինելու է ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի ազատականացումը։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի կողմերին այս հարցում կհաջողվի անցնել հաջորդ փուլ։
«Թեմաներից մեկն է նաև պատրաստ լինել ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատել: Մի քանի տասնամյակ շարունակ աշխատել ենք սրա վրա, և աջակցելու ենք վերապատրաստել ձեր աշխատակազմին, սատարելու ենք այս գործընթացներին ավելի գործնական դաշտում»,- նշել է Ցահքնան։
Նշենք, որ Հայաստան այցի ընթացքում Ցահքնան կմասնակցի Էստոնիայի փախստականների խորհրդի կողմից Երևանում գրասենյակի բացման արարողությանը։

Հիշեցնենք` Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան Հայաստան է ժամանել աշխատանքային այցով, նա այստեղ կգտնվի դեկտեմբերի 13-ին և 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում