Կիևին ռազմական օգնության համար նախատեսված գումարները մնում են արգելափակված. Բորել

Կիևին ռազմական օգնության համար նախատեսված գումարները մնում են արգելափակված. Բորել

Կիևին ռազմական օգնության ֆինանսավորումը նախկինի պես արգելափակված է մնում, դրա վերաբերյալ որոշման կայացումը սպասվում է դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովում: Այս մասին ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այժմ Ուկրաինային աջակցությունը թուլացնելու ժամանակը չէ, ընդհակառակը, այժմ այն ուժեղացնելու ժամանակն է, ուստի մեզ համար կարևոր է որոշում կայացնել խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային ռազմական օգնության 8-րդ տրանշի վերաբերյալ, որը մնում է արգելափակված, ինչպես նաև հինգ միլիարդ (հաջորդ տարի. – Խմբ.): Ես ակնկալում եմ, որ այդ հարցերը կբարձրացվեն այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում»,-նշել է Բորելը։

Ինչպես հաղորդել է The Guardian-ը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դաշնակիցները Վաշինգտոնում փակ դռների հետևում հանդիպում կանցկացնեն հանրապետականների հետ, որպեսզի հասնեն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության դադարեցմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում