Վերադարձված գերիների հետ Ալիևի փոխանցած ուղերձը

Վերադարձված գերիների հետ Ալիևի փոխանցած ուղերձը

Գերիների վերադարձի քաղաքական բովանդակությունն իրականում բավական վտանգավոր է։ Հայաստանին ուղիղ երկխոսությունների ծուղակը քաշելու Բաքվի բացահայտ պլանից բացի գերիների վերադարձի օրը՝ Հայաստանի սահմանին նկատվեց Ալիևի պլանի ևս մեկ շերտը։

Բաքվի թատրոնի ռեկվիզիտները

Երբ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական պետական ամբողջ մեդիան հայտնվեցին Հայաստանի հետ սահմանին՝ տեղում լուսաբանելու հայ գերիների վերադարձն ու երկու ադրբեջանցիների հանձնումը, պարզ էր, որ Իլհամ Ալիևը ցույց տալու ինչ-որ բան` ուղերձ ունի։

Բաքվի լրագրողները հնարավորություն ունեին նկարահանել ամեն ինչ՝ հայ գերիներին Ադրբեջանի ձեռքում, նրանց հայացքները, վիճակը, տրամադրությունը։

Մարտակերտի Վանք գյուղից սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ գերեվարված Արեն Իսանյանը վերադարձված տղաներից մեկն է։ Ուշագրավ է, թե ինչպես են նրան հայտնել, որ հաջորդ օրը հայրենիք է վերադառնալու։ «Մի օր առաջ իրիկունն ասել են, որ բաց են թողնելու, որ պատրաստվեմ, իրենց տված վեշերը հավաքեմ», ֊ ասում է Արեն Իսանյանն արդեն Երևանում։

Իրենց տված իրերը կամ այլ կերպ ասած՝ Բաքվի թատրոն-թակարդի ռեկվիզիտները։

Հայաստան վերադարձված գերիների այս խմբից 26-ը պատերազմից անմիջապես հետո Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայիններն էին՝ համապատասխան հագուստով։ Բաքվի բանտից Հայաստան նրանք վերադարձան միանման հագնված՝ նույն կոշիկները, վերարկուները։ Խիստ աչք ծակող էր, և նկատելի էր, որ կազմակերպված, պլանավորված է։ Սա նշանակում է՝ հանուն ինչ-որ նպատակի։

Ինչո՞ւ է Ալիևը հարվածում սոցիալական գործոնով

Բաքվի պարագլուխը Հայաստանի քաղաքացիների ծանր սոցիալական վիճակի մասին պարբերաբար է հայտարարություններ անում։ Զանգեզուրի միջանցք կոչված թյուրքական նախագիծն առաջ մղելիս հատկապես ակնարկելով, թե աղքատ Հայաստանին այդ միջանցքն իբր ավելի անհրաժեշտ է։

Պարզ էր, որ Ալիևն այդքանով չէր սահմանափակվի, և Հայաստանի դեմ գործողություններ պլանավորելիս սոցիալական գործոնի հետ հատուկ ուշադրությամբ կաշխատեն։

Բաքվում կա կարծրատիպ, որ Հայաստանի բանակում ծառայում են և, հետևաբար, Ադրբեջանի դեմ կռվելու են միայն սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքների զավակները։ Հետևաբար, հաջորդ պատերազմին ընդառաջ հատուկ քարոզչական աշխատանք են տանում այդ լսարանի ուղղությամբ։ Իրականում Հայաստանի ԶՈՒ բոլոր ապագա զինծառայողների, պահեստազորայինների, բոլոր հայերի դեմ։

Ցույց են տալիս, թե գերեվարվելն ամեն ինչի վերջը չէ, գերեվարվածներին Բաքվում չեն սպանում, վերադարձնում են՝ այն էլ նոր հագուստով, կոշիկով, ու առաջին բուժզննությամբ՝ առանց բռնության հետքերի։ Հետևաբար ինչ իմաստ ունի Ադրբեջանի դեմ զենք վերցնելը, ինչ իմաստ ունի պաշտպանվելը, երբ Ադրբեջանի զորքը հարձակվում է։ Սա է Ալիևի քարոզչական ծավալուն աշխատանքի խորքային նպատակը՝ Հայաստանի Հանրապետության գոյության միակ իրական երաշխավորը՝ հայկական բանակը վերածել դասալիքների ու գերիների բանակի։

Բաքվում ուշադիր են ուսումնասիրում հայոց զորքի բարոյահոգեբանական վիճակը։ Երբ մերոնք փորձում են շտկել մեջքը ստացած արտաքին ու ներքին հարվածներից, թշնամին փորձում է դա թույլ չտալ։

Ադրբեջանի գործողություններում հստակ է նկատվում միտումը՝ վերացնել Հայաստանը, հաղթել, թալանել, սպանել հայերին՝ առանց դիմադրության։ «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայից մինչև տաք հագուստով վերադարձող գերիներ։ Ամեն հայի կյանքն անգին է, և տղաներին, իհարկե, բարի վերադարձ։ Բայց, ցավալիորեն, նրանց փորձում են դարձնել Հայաստանի դիմադրողականությունը խորքային կերպով կոտրելու Բաքվի պլանի մի մասը։

Մահացու պատրանքը և իրականությունը

Հայաստանի առողջապահության նախարարի հայտարարությունը, որ վերադարձած տղաներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել, դրա կարիքը չի եղել, ծառայում է Բաքվի նույն պլանին։ Առերևույթ բռնության հետքերի բացակայությունը չի նշանակում, որ տղաները բռնության չեն ենթարկվել։ Պատերազմի օրերին տարածվել էին մի քանի տեսանյութեր, որոնցում երևում էր, թե իրականում ինչպես են վարվում ադրբեջանցիները հայ գերիների հետ։

Բաքվի իրական վերաբերմունքն է մատնում նաև այն հանգամանքը, որ թեև պատերազմի դադարի եռակողմ հայտարարության տեքստում կա գերիների վերադարձի մասին կետը, Ալիևը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ գերիներին՝ հետևելով Թուրքիայի նախագահի կնոջ խորհրդին։

Եվ առավել սարսափելին այն է, որ Բաքուն բոլոր գերիների մասին չէ, որ հայտարարում է։ Առնվազն 80 հայ գերիների մասին հայ իրավապաշտպանները տվյալներ են փոխանցել միջազգային տարբեր կազմակերպությունների։ «Սա օդից կախված թիվ չէ, յուրաքանչյուր դեպքի մասով կան հստակ ապացույցներ», ֊ հայտարարել է իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն այս տարվա մայիսին։

Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն այս 80 հայերի ճակատագիրը պարզելու ուղղությամբ քայլեր չեն անում։ «Նրանց համար ավելի հեշտ է փոխհարաբերվել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ եթե խոսեն նրա՛նց պաշտոնական թվերով։ Այսինքն՝ հայկական կողմից բացահայտումները և տվյալներն անտեսում են, ու այստեղ կա միասնականություն Ադրբեջանի թվերի առնչությամբ, դա իմ գնահատմամբ արդարացված չէ», ֊ նշել է Սիրանույշ Սահակյանը։

Արցախում մնացած հայերը

Բաքվի ճիշտ նույն պլանի մաս է Արցախում մնացած մի քանի տասնյակ հայերի դեմ դեմոնստրատիվ իբր դրական վերաբերմունքը։

Տարբեր տեսանյութեր նկարահանելով ու այդ հայերի անվտանգ ու կուշտ կյանքը ցույց տալով՝ ադրբեջանցիները մատնում են իրենք իրենց հենց այդ տեսանյութերի որակյալ նկարահանումներով։ Եվ իհարկե, այդ տեսանյութերի գլխավոր տարածողները լինելով։

Այս խաղին Ալիևը ներգրավել է անգամ Բելառուսի նախագահին։ Լուկաշենկոն, իհարկե, դեմ չի եղել։ Հայտարարել է, որ Դուբայում օրեր առաջ հնարավորություն է ունեցել հանդիպել ու զրուցել Ալիևի հետ։ Խոսքը հասել է Արցախում մնացած հայերին, և Ալիևն ասել է, որ նրանցից ոչ մեկին չի վնասի։ Լուկաշենկոն էլ նրա խոսքը մեջբերելով հիմա վստահեցնում է՝ Ալիևը քաղաքակիրթ է։

Քաղաքակիրթ Ալիև-հայեր իրականության հակիրճ, բայց ամբողջական ձևակերպումը սա է՝ 2020-ի պատերազմ, 9 ամիս ձգված բլոկադա, սեպտեմբերի 19-ի հարձակում, գաղթի ճանապարհ, հազարավոր զոհեր, գլխատված տարեցներ, սպանված, չծնված երեխաներ։ Սա խաղաղության դարաշրջանի միայն վերջին երեք տարում։

Անի Ավետյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում