Մեկնարկում է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» նախագիծը

Մեկնարկում է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» նախագիծը

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) մեկնարկում է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ 2023-2033 թվականների համար նախատեսված է 10 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 11,5 միլիոն ԱՄՆ դոլար, $) ներդնում ՝ խորհրդարանի պարբերաբար հաստատման պայմանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունից հայտնում են, որ ունենալով ծովի մակարդակից 375-ից մինչև 4090 մետր բարձրություններ՝ Հայաստանը ծածկված է ցամաքային տարբեր էկոհամակարգերով, որոնք առանցքային դեր են խաղում կենսաբազմազանության և ածխածնի սեկվեստրավորման ապահովման գործում: Միևնույն ժամանակ, երկիրը պայքարում է անտառահատումների, անտառների դեգրադացիայի և կլիմայի փոփոխության լայնածավալ ազդեցության առաջին նշանների դեմ: Հայաստանը պատկանում է տարածաշրջանի ամենաքիչ անտառային ծածկ ունեցող երկրների շարքին՝ ընդամենը 11%, որը կենտրոնացած է, հիմնականում, հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում:

FORACCA-ն նպատակ ունի Հայաստան բերել կլիմայի փոփոխությանն առնչվող թեմայի վերաբերյալ առաջադեմ գիտելիքներ, որպեսզի համապատասխան ազգային քաղաքականությունը հնարավոր լինի ճիշտ մշակել, և որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան գործողությունների անհրաժեշտությունն ու համապատասխան ձևով արձագանքեն:

Նախագծի պլանավորման և իրականացման համար FORACCA-ն աշխատում է Շվեյցարիայի Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի հետ (ETH-WSL), որը հանդիսանում է բոլորին շատ հայտնի Ցյուրիխի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի մաս: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ մեկտեղ, ակտիվորեն մասնակցում է այս նախաձեռնության նախապատրաստմանը։ Առաջին տարում որոշվելու է, թե ինչպես և տեղական ինչպիսի կազմակերպությունների հետ պետք է նախագիծն իրականացվի տեղում։

Այսպիսով, FORACCA-ն աջակցում է ազգային անտառային քաղաքականության իրականացմանը, մեծացնում է անտառների մշտադիտարկումը և օգնում է Հայաստանին կատարել իր միջազգային պարտավորությունները:

Ի վերջո, կենտրոնացնելով ուշադրությունը կայուն և ներառական անտառային քաղաքականության և կառավարման պրակտիկայի վրա՝ FORACCA-ն կնպաստի անտառային ռեսուրսներից կախում ունեցող և հաճախ մարգինալացված փոքր ֆերմերների կենսապահովման պայմանների բարելավմանը, հետևաբար նաև գյուղական աղքատության կրճատմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում