Իսրայելն ԱՄՆ-ից պահանջում է բուֆերային գոտի ստեղծել Լիբանանում

Իսրայելն ԱՄՆ-ից պահանջում է բուֆերային գոտի ստեղծել Լիբանանում

Իսրայելի իշխանությունները Պենտագոնին հայտնել են Լիբանանի հարավային մասում «բուֆերային գոտի» ստեղծելու և «Հեզբոլլահի» դիրքերը 10 կմ-ով հետ մղելու մտադրության մասին: ԱՄՆ-ից Բենիամին Նեթանյահուի կառավարությունը սպասում է այդ էքսպանսիայի անվերապահ հավանությանը: Այս մասին հայտնում է TRT News-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին հայտարարել են, որ Լիբանանի հարավային մասում անհրաժեշտ է ստեղծել «բուֆերային գոտի», որպեսզի կանխվի իսրայելական բնակավայրերի անդրսահմանային գնդակոծումը: Վաշինգտոնից Իսրայելի կառավարությունը ձգտում է հասնել այդ նախաձեռնության հավանությանը։

Ըստ տեղեկությունների՝ խոսքը Լիբանանի տարածքում մոտ 10 կմ խորությամբ «օկուպացիոն գոտու» անժամկետ հաստատման մասին է: Ընդ որում, Նեթանյահուն ամերիկացի հյուրին ոչ երկիմաստ հասկացրել է, որ մտադիր չէ սպասել: Կառավարության ղեկավարը հույս ունի մի քանի շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» ուժերը հետ քաշել սահմանից:

Օսթինը, ի պատասխան այդ պահանջի, հայտարարել է, որ իսրայելական կողմը պետք է ժամանակ թողնի դիվանագիտական ջանքերի համար և էսկալացիոն քայլեր չձեռնարկի: Աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ն վախենում է Լիբանանի հետ սահմանին բախումները լայնամասշտաբ հակամարտության վերածելուց, որը, նրանց գնահատականներով, ոչ պակաս ծանր կլինի, քան Իսրայելի ներխուժումը Գազայի հատված:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պնդում է, որ Իսրայելը նվազեցնի Գազայի հատվածում հրթիռային հարձակումների և ավիահարվածների ինտենսիվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում