Ստամբուլում տարհանել են երեք երկրների հյուպատոսությունների դիվանագետներին

Ստամբուլում Գերմանիայի, Կանադայի եւ Բելգիայի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցներն այսօր տարհանվել են անհայտ կազմության դեղին գույնի նյութով վարակվելու սպառնալիքի պատճառով, որը դիվանագիտական ներկայացուցչությունները ծրարով ստացել են փոստով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) աշխատակիցներն օպերատիվ կերպով տարհանել են անձնակազմերը , փակել օդափոխիչները եւ մեկուսացրել այն առանձնասենյակները, որտեղ բացվել են այդ ծրարները:

Ըստ AFAD-ի հայտարարության` Կանադայի գլխավոր հյուպատոսությունում «մեկ մարդ անմիջական շփում է ունեցել նյութի հետ, եւս վեց մարդ այդ ժամանակ գտնվել է սենյակում»:

Ծրարների պարունակությունն ուղարկվել է լաբորատորիա` փորձաքննության: Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես ինչ է եղել ծրարներում: Դիվանագիտական ներկայացուցչություններում շարունակվում են վարակազերծման միջոցառումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում