Քաղաքացիները սկսել են հայտարարագրել վարձով բնակարանները

Քաղաքացիները սկսել են հայտարարագրել վարձով բնակարանները

2023 թվականի դեկտեմբերի դրությամբ 3000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, որ վարձակալական հարաբերություններ ունի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Եթե բնակարանը վարձակալության հանձնողը ինչ-ինչ պատճառով պատշաճ պայմանագիր չի կնքել, ժամով կամ օրով է տալիս վարձակալության, հայտարարագրի ձևանմուշ ենք մշակել, որպեսզի կարողանան դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հայտարարագիրը»,– նշել է ՊԵԿ նախագահը։

Նա ընդգծել է, որ բոլոր այդ քաղաքացիներն արդեն պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։

Հիշեցնենք` 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված փոփոխությունները, որոնց համաձայն` վարձակալությունից ստացած եկամտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5%–ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում