Անմշակ կաշվի արտահանումը ժամանակավոր կարգելվի

Անմշակ կաշվի արտահանումը ժամանակավոր կարգելվի

ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: ՀՀ տարածքից ապրանքների արտահանման համար (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) կսահմանվի ժամանակավոր արգելք՝ վեց ամիս ժամկետով:

Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։

Հայկական կաշի վերամշակող ընկերություններում ներկայումս մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը և արտահանվում է կիսաֆաբրիկատ (wet blue) տարբերակով: Նպատակն է՝ արժեշղթան խորացնել և ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։ Արտադրողների կողմից իրացվում է ինչպես պատրաստի կաշի, այնպես էլ կիսապատրաստի կաշի՝ վերջինս կազմում է ընդհանուր արտադրանքի շուրջ 50%-ը: Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը՝ արտերկրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում