«ԱրՔա» քարտերն այս տարվանից կթողարկվեն չիպով
Նմանատիպ
«ԱրՔա» քարտերն այս տարվանից կթողարկվեն չիպով` թույլ տալով անհպում գործարքներ իրականացնել։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Ըստ նրա` «ԱրՔա»–ն, լինելով ազգային վճարային միակ համակարգը, այս պահին շատ հարցերում հետ է մնում միջազգային քարտերից, ինչն էլ իր հերթին շատ հաճախ դժվարացնում է երկրի ներսում անկանխիկ գործարքները։
««ԱրՔա» քարտի գրավչությունն այն է, որ ՀՀ–ում դրանք ավելի մատչելի են, քանի որ միջնորդավճարներ չկան, սակայն միջազգային չեն, ինչպես «Վիզա» կամ «Մաստեր» տեսակի քարտերը։ Երբ հունվարի 1–ից «ԱրՔա»–ի բոլոր տեսակի քարտերը թողարկվեն չիպով, վարքագծային տեսանկյունից շատ կարևոր քայլ կլինի, քանի որ այսպիսով հնարավոր կլինի իրականացնել նաև անհպում գործարքներ, ինչպես «Վիզա» կամ «Մաստեր» տեսակի քարտերի դեպքում»,– նշել է Խաչատրյանը։
ԿԲ նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ շատ շուտով «ԱրՔա» քարտերը կհայտնվեն Android հեռախոսների NFC (անհպում) համակարգում։
««ԱրՔա» համակարգը մինչ օրս զբաղվել է ենթակառուցվածքով, իսկ «Վիզա» ու «Մաստեր» քարտերը խրախուսական քայլեր են արել միշտ` քեշբեքեր, գովազդ, տարբեր հետաքրքիր ծրագրեր և այլն։ «Արքա»–ն երբեք նման բաների համար բյուջե չի հատկացրել, համենայնդեպս վերջին 10–15 տարում։ Փոխարենը «Վիզա» ու «Մաստեր» քարտերը շարունակել են իրենց ագրեսիվ մարքեթինգային քաղաքականությունը։ «Արքա»–ն, այո՛, իր համակարգի առաջխաղացման համար պետք է ռեսուրսներ ներդնի»,– ասել է Խաչատրյանը։
Նշենք, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին ՀՀ ԿԲ–ի և 10 առևտրային բանկերի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում