Google-ը և Amazon-ը աշխատանքից ազատում են հարյուրավոր աշխատակիցների

Google-ը և Amazon-ը աշխատանքից ազատում են հարյուրավոր աշխատակիցների

Ամերիկյան Google ընկերությունը, որը պատկանում է Alphabet-ին, հայտարարել է, որ աշխատանքից կազատի մի քանի հարյուր աշխատակցի և կվերակազմավորի մի քանի ստորաբաժանումներ։ Ընկերությունը կրճատումներ կանի իր հիմնական ինժեներական բաժնում, ինչպես նաև Voice Assistant ձայնային օգնականի և Pixel սմարթֆոնների, Nest խելացի տան սարքերի և Fitbit ֆիթնես թևնոցների մշակմանը ներգրավված ստորաբաժանումներում: Բացի այդ, աշխատանքից կազատվի ընդլայնված իրականության ոլորտի զարգացումների գժով մասնագիտացած ստորաբաժանման աշխատակիցների «մեծամասնությունը»։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Google-ը չի նշել, թե կոնկրետ քանի աշխատակից է կրճատվելու տարբեր ստորաբաժանումներում կամ ինչ բաժինների վերակազմավորումներ են իրականացվելու։ Ընդհանուր առմամբ, կրճատումները բացատրվել են ծախսերը նվազեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և հիմնական ապրանքների վրա կենտրոնանալու ցանկությամբ։

Ամերիկյան մեկ այլ տեխնոլոգիական կորպորացիա՝ Amazon-ը, ևս հայտարարել է «մի քանի հարյուր» աշխատակցի կրճատման մասին։ Նա աշխատակիցների կազատի Twitch և Prime Video հոսքային ծառայություններից, ինչպես նաև Metro-Goldwyn-Mayer կինոստուդիայից, որը Amazon-ը գնել է 2021 թվականին։

Միայն Twitch-ում աշխատանքից կազատվի 500 մարդ՝ ծառայության բոլոր աշխատակիցների 35%-ը: Աշխատակիցներին ուղարկված ներքին փաստաթղթում նշվում է Amazon-ի մտադրությունը՝ «նվազեցնել կամ վերացնել ներդրումները որոշակի ոլորտներում» և կենտրոնանալ այն ապրանքների վրա, որոնք առավելագույն շահույթ են բերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում