Ջո Բայդենի վարչակազմը ուղերձ է հղել Իրանին

Ջո Բայդենի վարչակազմը ուղերձ է հղել Իրանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը մասնավոր կարգով ուղերձ է հղել Իրանին՝ կապված Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շիական շարժման (հութիների) հարձակումների հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Եմենում հութիների դիրքերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետևանքը կլինի տարածաշրջանում անկայունության ուժեղացումը: Իրանցի դիվանագետը Եմենի ուղղությամբ հարվածը որակել էր որպես կամայականություն և երկրի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում:

«Մենք նրանց մասնավոր կարգով ուղերձ ենք փոխանցել և համոզված ենք, որ հիմնովին պատրաստվել ենք»,- ասել է պետության ղեկավարը Վաշինգտոնի արվարձանում գտնվող իր նստավայր մեկնելուց առաջ:

Հիշեցնենք` հունվարի լույս 12-ի գիշերը ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենի հութիների դեմ` հայտարարելով, որ դա Կարմիր ծովում նավագնացության անվտանգության սպառնալիքների պատասխանն է:

Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։ Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, ինչի հետևանքով 5 հութի է մահացել, ևս 6-ը` վիրավորվել։

Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են միայն Իսրայելի հետ կապված նավերի դեմ, որպեսզի այդպիսով օգնեն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում