Նոր ատոմակայանի ստեղծման համար նախ կադրեր են պետք

Նոր ատոմակայանի ստեղծման համար նախ կադրեր են պետք

Հայաստանում նոր ատոմակայանի ստեղծման համար նախ պատշաճ կադրեր են պետք։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2023թ.-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։

Փաշինյանը նշել է, որ նոր ատոմակայանի ստեղծման համար իրականացնող կազմակերպություն է պետք ստեղծել։ Ըստ Փաշինյանի` դա ցույց կտա Հայաստանի վճռականությունը, որ իշխանությունը ոչ միայն խոսում է նոր ատոմակայանի ստեղծման մասին, այլև գնում է այդ ուղղությամբ։

«Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետև նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունը, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու։ Այստեղ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի պատշաճ կադրեր կարողանանք ներգրավել այդ աշխատանքի մեջ»,– ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ պետք է մտածեն, թե ինչպես խթանեն կանանց ներգրավվածությունն այս բնագավառում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ժամկետային զինծառայությունից տարկետման որոշում տրամադրեն համապատասխան գիտելիք ունեցող երիտասարդների։

Նշվում է, որ քննարկման ընթացքում Փաշինյանին է ներկայացվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը:

Փաշինյանը քաղաքական առումով հետաքրքիր է համարել մոդուլյար ռեակտորների տարբերակը:

«Վերջիններիս վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, որ վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու»,- ասել է նա:

Պատասխանատուները նշել են, որ վթարը դասակարգվում է որպես ներքին վթար. արտաքին վթար հասկացությունն այդ ռեակտորների համար վերանում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում