Արցախի հարցով հանձնախումբ է ձևավորվել. աշխատանքները կհամակարգի Վարդան Օսկանյանը

Արցախի հարցով հանձնախումբ է ձևավորվել. աշխատանքները կհամակարգի Վարդան Օսկանյանը

Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբն արդեն ձևավորված է։ Այս մասին գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Օսկանյանը հայտարարել է, որ համաձայնել է Հանձնախմբի անդամների առաջարկությանը՝ համակարգելու դրա աշխատանքները։ «Առաջիկայում, երբ ամբողջանա հանձնախմբի կազմը, կհրապարակվեն մյուս անդամների անունները, ինչպես նաև մանրամասներ անելիքների մասին։

Այս պահին կարող եմ ասել, որ հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։

Ես համոզված եմ, որ այս հարցի հետապնդումը և իրականացումը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը մեր ժողովուրդների միջև։

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով։ Նման «կայունությունը» չի կարող մշտական լինել։ Խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն»,- գրել է Օսկանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում