WSJ-ն իմացել Է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման նոր առաջարկի մանրամասները

WSJ-ն իմացել Է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման նոր առաջարկի մանրամասները

ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Քաթարը Իսրայելին ու ՀԱՄԱՍ-ին կոչ են անում անցնել հակամարտության դիվանագիտական փուլային կարգավորման, որը պետք է սկսվի պատանդների ազատ արձակմամբ, ինչն ի վերջո կհանգեցնի Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերմանն ու պատերազմի ավարտին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ, կողմերից ոչ մեկը դեռևս չի համաձայնվել նոր առաջարկի պայմաններին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցություններում իրական առաջընթաց չկա, իսկ Իսրայելի ներկայացուցիչն առհասարակ չի արձագանքել առաջարկին:

Սակայն, ըստ պարբերականի զրուցակիցների, կողմերը առնվազն կրկին պատրաստ են մասնակցել բանակցություններին, որոնք նոյեմբերի 30-ին հրադադարի ավարտից հետո մտել են փակուղի: 

«Պայմանները քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ցանկությունն արդեն դրական քայլ է»,- նշել է WSJ-ի աղբյուրներից մեկը: 

Ենթադրվում է, որ բանակցությունները մոտ ժամանակներս կշարունակվեն Կահիրեում:

Առաջարկը, որին աջակցում են ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Քաթարը, հակամարտության կարգավորման նոր մոտեցում է ներկայացնում, նշում է WSJ-ն: Զինյալների կողմից գերեվարված իսրայելցի պատանդներին ազատ արձակելու գործարքը դիտարկվում է որպես համաձայնագրի մաս, որը կարող է հանգեցնել մարտական գործողությունների դադարեցման: 

Եգիպտոսի ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել է, որ չնայած հրապարակավ Իսրայելը կտրականապես մերժում է նման առաջարկները, նախարարների կաբինետում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ պատանդներին ազատելու համար պետք է զիջումների գնալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում