Հայաստանում մաքսազերծվել է վրացական համարանիշներով 2600 ավտոմեքենա

Հայաստանում մաքսազերծվել է վրացական համարանիշներով 2600 ավտոմեքենա

Հայաստանի կառավարության աջակցության շրջանակներում մաքսազերծվել է վրացական համարանիշներով ավելի քան 2600 ավտոմեքենա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Նշվում է, որ կառավարության աջակցության ծրագրի շրջանակներում վրացական համարանիշներով 2648 ավտոմեքենա արդեն ստացել է մաքսային ձևակերպում:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ Վրաստանից Հայաստան է ներմուծվել 8644 ավտոմեքենա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։

Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար 40%-ի, ավելի հին մեքենաների համար` 70%-ի չափով։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում