Գերիներով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը

Գերիներով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը

Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հանձնաժողովը տվյալներ է հրապարակել։

«Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: Բացի այս, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից»,– ասվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության և ԼՂ–ի 993 քաղաքացի համարվում է անհետ կորած 90-ականների սկզբից, և Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում