Պարսից ծոցում գտնվող 3 կղզին Իրանի անբաժանելի մասն են. Ռաիսի

Պարսից ծոցում գտնվող 3 կղզին Իրանի անբաժանելի մասն են. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պարսից ծոցում գտնվող երեք կղզիներն անվանել է երկրի տարածքի անբաժանելի մաս, գրում է ԻՌՆԱ-ն: Ռաիսին այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգ կատարած այցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ վերջնական և պատմական փաստաթղթերը միշտ հաստատել են Իրանի ինքնիշխանությունը Աբու Մուսա, ինչպես նաև Մեծ և Փոքր Թոնբ կղզիների նկատմամբ: Խոսելով տարածաշրջանում Իրանի կառուցողական դերի մասին՝ Ռաիսին ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում միշտ եղել է կայուն անվտանգության ապահովումը։

Շնորհակալություն հայտնելով Իրանի անվտանգության ուժերին տարածաշրջանում կայուն խաղաղություն ստեղծելու համար՝ նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը Պարսից ծոցում և Օմանի ծովում ապահովում է անվտանգությունը, մինչդեռ օտարների ներկայությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։

Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոնբ կղզիների շուրջ Իրանի և ԱՄԷ-ի միջև վեճը ծագել է դեռ 1970-ականներից։ Թեհրանը պնդում է, որ սրանք իր տարածքի անքակտելի մասն են։ Խնդրի սրությունը պայմանավորված է Աբու Մուսա կղզում նավթի որոշակի պաշարների առկայությամբ։

Եթե մի երկիր ցանկանա կռիվ անել, Իրանը խիստ պատասխան կտա. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

«Նախկինում, երբ ցանկանում էին խոսել Իրանի հետ, ասում էին, որ սեղանին ռազմական տարբերակ է դրված, իսկ հիմա ասում են՝ մենք մտադիր չենք հակամարտություն ունենալ Իրանի հետ», – ասել է Ռաիսին: Նրա խոսքով՝ Իրանի ուժը ստեղծում է անվտանգություն, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել դրան։

«Մենք բազմիցս ասել ենք, որ ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի, բայց եթե որևէ երկիր ցանկանա կռիվ անել, Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրուկ պատասխան կտա», – եզրափակել է Ռաիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում