Սիրիայի պաշտպանության նախարարությունը խոսել է ԱՄՆ ավիահարվածների հետևանքների մասին
Նմանատիպ
Սիրիայի արևելքում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ և զինվորականներ և մեծ վնասներ են պատճառվել, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր բացահայտ օդային ագրեսիա են իրականացրել մի շարք դիրքերի և քաղաքների դեմ Սիրիայի արևելքում և սիրիա-իրաքյան սահմանների մոտ, ինչի հետևանքով մի շարք խաղաղ բնակիչներ և զինվորականներ են զոհվել, կան վիրավորներ և մեծ վնաս հասցվել պետական և մասնավոր գույքին»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես ընդգծել է ռազմական գերատեսչությունը, այդ հարվածները «ոչ մի արդարացում չունեն և փորձ են թուլացնել սիրիական բանակի և նրա դաշնակիցների հնարավորությունները ահաբեկչության դեմ պայքարում»։
Անցած գիշեր Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատասխանել է Հորդանանում ռազմաբազայի վրա հարձակմանը` հարվածելով Իրաքում և Սիրիայում առնվազն 85 թիրախների, որոնք, ըստ նրա, պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և նրա մասնաճյուղերին: Թիրախները ներառում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ և այլ օբյեկտներ, որոնք աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և նրա դաշնակիցների համար զինամթերքի մատակարարման շղթաներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում