Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը
Նմանատիպ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է.
«Ձե՛րդ գերազանցություն դեսպան Սոբհանի,
Մեծարգո՛ դեսպաններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ։
Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն՝ հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի և անկեղծ բարեկամության վրա:
Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը, ինչը նպաստում է Հայաստան-Իրան փոխգործակցության կայուն զարգացմանը»,-ասել է Գրիգորյանը։
«Մեր երկրների կառավարությունները դրսևորում են անհրաժեշտ քաղաքական կամք և գործադրում են բոլոր ջանքերը քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և միջպետական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Ասվածի վառ ապացույցն է մեր երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը:
Ողջունում ենք իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը կյանքի կոչելու գործում: Չափազանց կարևորում ենք նաև Հայաստանի և Իրանի ղեկավարների, ինչպես նաև մեր գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջև հաստատված սերտ շփումներն ու կառուցողական համագործակցությունը»,-նշել է Մհեր Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ հաջորդ շաբաթ Իրանի նախագահի տեղակալ հարգարժան Դավուդ Մանզուրի և իր համանախագահությամբ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: «Վստահ եմ, որ նիստի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել առանցքային մի շարք հարցեր, ամփոփել կատարված աշխատանքը, ինչպես նաև նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր»:
Գրիգորյանը հավելել է, որ Իրանը Հասատանի համար կարևոր գործընկեր է, որի հետ ունեցած բարեկամական և կառուցողական հարաբերությունները ոչ միայն բարիք են ստեղծում մեր ժողովուրդների համար, այլև լրջագույն գործոն են ողջ տարածաշրջանում կայունություն ու զարգացում ապահովելու համար: «Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր կառավարությունը բարձր է գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ:
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բարեկամ Իրանի ժողովրդին: Լիահույս եմ, որ պատմական հնարավորություն ունենք համատեղ ջանքեր գործադրել և պատրաստ ենք դրանք գործադրել՝ մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության»,-եզրափակել է Գրիգորյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում