Իսրայելը ցանկանում է տարհանել Գազայի բնակչությանը, ո՞ւր, դեպի Լուսի՞ն. Բորել
Նմանատիպ
Իսրայելին աջակցող երկրների իշխանությունները պետք է դադարեն աղաչել նրան, որ դադարեցնի Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունը և սկսեն քայլեր ձեռնարկել, օրինակ՝ սահմանափակել զենքի մատակարարումն Իսրայելին:Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բոլորը գնում են Թել Ավիվ և աղաչում են այդքան մարդ չսպանել։ Չափազանց շատ սպանվածներն ինչքա՞ն են, ի՞նչ չափանիշներ են։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ մեկին չի լսում։ Նրանք ցանկանում են տարհանել Գազայի բնակչությանը։ Ո՞ւր, դեպի Լուսի՞ն»,- ասել է Բորելը:
«Դադարեք խոսել, խնդրում եմ և ինչ-որ բան արեք», – հավելել է նա:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանափակել Իսրայելին զենքի մատակարարումները։
«Քանի՞ անգամ եք նախարարներից լսել, որ շատ մարդիկ են սպանվել, եթե այդպես եք կարծում, եթե կարծում եք, որ շատ մարդ է սպանվել, ապա միգուցե ավելի քիչ զենք պետք է տրվի, որ ավելի շատ զոհեր չլինի», – հռետորական հարց է հնչեցրել Բորելը:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները, ինչն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240-ի գերեվարմամբ։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում