Իշխանությունները պատրաստվում են քաղաքացիներին զրկել սեփականությունից․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ իշխանությունները պատրաստվում են մի շարք քաղաքացիների զրկել սեփականությունից, զուգահեռ կրճատելով արցախցիներին տրվող օգնությունը, Ալեն Սիմոնյանի քավորը բազմաֆունկցիոնալ բնակելի համաիր է կառուցում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծաղկաձորի «Պալլադա»-ն խնդիրներ ունի Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի հետ:
«Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը լուրջ շինարարական խնդիրների առաջ է կանգնած։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ նախորդ տարի՝ շինության հիմքը փորելիս, պարզվել է, որ շենքի նախատեսած հիմքում՝ մակերեսից 20 եւ ավելի մետր խորության վրա, գետ է հայտնաբերվել, որն էլ խաթարել է շինարարության ընթացքը: Բացի այդ՝ կան նաեւ սողանքներ:
Հիշեցնենք, որ խոսքը մեծամասշտաբ շինարարության մասին է, որի գովազդը ամենուր պտտվում է, բայց, փաստորեն, շենքի կառուցումը լուրջ ռիսկերի առջեւ է: Ըստ «Հետք»-ի՝ ընկերության հիմնադիր բաժնետերերը չորսն են՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լեւան Չիկովանին եւ Էդգար Ավագյանը (բոլորը` 25-ական % բաժնեմասով)։ Մեկ տարի անց Կարեն Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձին՝ Գեղամ Կիրակոսյանին։ Հատկանշական է, որ «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ 25 տոկոս բաժնեմաս ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը` այն նույն անձը, որին 2016 թ.-ին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արարատբանկը», քանի որ բանկում 2012 թ.-ից Ավագյանը 28 հազար դոլարի վարկ է ունեցել, որը 2015-ից հետո պատշաճ չի մարել։ Սնանկացած քավորը երբեք շինարարական բիզնեսով չի զբաղվել, վերջին տվյալներով էլ այսօր աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում։ Այս արտոնյալ շինարարների խումբը, Ծաղկաձորում չունենալով շինթույլտվություն, արդեն իսկ սկսել է շինաշխատանքներ. հետո Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը տվել է նրանց շինթույլտվություն, որից հետո նոր՝ 2023 թվականի հունիսի 26-ին, Ծաղկաձոր համայնքում հանրային լսումներ են հրավիրվել շինթույլտվություն ստանալու համար: Այսինքն՝ օրենքի կոպիտ խախտում է աձանագրվել. պետք է գործընթացը հակառակ կողմից սկսվեր:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի թաղամասը, ստորգետնյա գետերի հետ կապված խնդրից բացի, եւս մեկ խնդիր ունի. ըստ հետազոտությունների՝ Ծաղկաձոր քաղաքի հողային շերտը ամբողջությամբ սողանքներ են, տեղի բնակչությունն ասում է՝ «մեր հողը լողացող է»։ Հենց սրա պատճառով հողի բարձր շերտի փլման վտանգ կա։ Այս սողանքներն են նաեւ պատճառը, որ ճաքճքել եւ թեքվել է Ծաղկաձոր մտնող ճանապարհը։
ArmLur.am-ը համալիրի տարածքում նկատեց, որ հենց այս պատճառով գրեթե 3 տարի ձգվող շինարարությունը հանրությանը զգալի արդյունքներ ցույց չի տալիս։
ArmLur.am-ը տեղում պարզեց, որ դեռ նախորդ տարվա ամռանը կայացած հանրային լսումներից հետո համալիրի շինարարությունում զգալի առաջընթաց չի գրանցվել: Մենք կապվեցինք «Նյու Սիթի Պրոջեկտս» կառուցապատող ընկերության հետ, որի նախագծերից մեկը հենց «Պալլադա Ծաղկաձոր-ն» է։ Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ տեղյակ են ստորգետնյա ջրերի մասին, ասելով. «Բոլորը գիտեն, որ Ծաղկաձորում ստորգետնյա ջրեր կան, այդ պատճառով մենք աշխատում ենք համապատասխան դրենաժներով։ Մեր աշխատանքներին հիմա ոչինչ չի խանգարում, այն բնականոն ընթանում է»։ Սողանքների վերաբերյալ նշեցին, որ ունեն համապատասխան երկրաբանական հետազոտության արդյունքները, եւ այդ տարածքում սողանքներ չկան։ Բայց, փաստն այն է, որ շինարարությունն այս ընթացքում էական արդյունք չի գրանցել։
Հավելենք նաեւ, որ այս համալիրը գնահատվել է 40-50 միլիոն դոլար։ Նկատենք, որ արտոնյալ շինարարներին իշխանությունն օգնում է. շինթույլտվությունը տալիս են շինաշխատանքները սկսելուց հետո, բայց բնությունը խանգարում է, քանի որ սողանքներն ու ստորգետնյա ջրերը արգելում կամ դժվարացնում են շինաշխատանքները, որոնք, ըստ նախագծի, ավարտվելու են 2027 թվականին. համենայնդեպս բնակարանները շահագործման են հանձնվելու 2027 թվականի սկզբին։»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Սարյան փողոցի փոստն ու հարակից մի ողջ թաղամաս հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։ «Ռենշին» ՍՊԸ-ն կառուցելու է Համաշխարհային առեւտրի կենտրոն (World Trade Center (WTC), որն իրենից ներկայացնում է «Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ»:
Այլ կերպ ասած` տարածքում պետք է ահռելի բիզնես կենտրոն կառուցվի, ուստի կառավարությունը պատրաստվում է հանրային գերակա շահ սահմանել 1-ին, 2-րդ Թափաբաշ փողոցների, Ֆրիկի, Սարյան եւ Պարոնյան փողոցների, Կոզեռնի, Ռուսթավելու, Սուրբ Հովհաննես փողոցների մոտ 60 հասցեների ու հողատարածքների նկատմամբ: Կարճ ասած՝ մի ահռելի տարածք։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան:
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախից բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության վեցամսյա ծրագրի ժամկետը շուտով կլրանա։ Կառավարությունը, հիշեցնենք, 2023թ․ հոկտեմբերի սկզբին կայացրեց այդ որոշումը` խոսքը 50 հազար դրամների մասին է, որն ամեն ամիս հատկացնում էին յուրաքանչյուր շնչին, 2024թ․ ապրիլի սկզբին ժամկետը սպառվում է, եւ փաստացի տնազուրկ արցախցիները փաստի առաջ են կանգնելու։
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով ի պաշտոնե համակարգում է արցախցիների խնդիրները, փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ քննարկվում է բնակարանային ապահովման ծրագիր, սակայն դա ոչ այնքան բնակարանով ապահովելու, որքան արցախցիներին պարտքով փող տալու ծրագիր է, քանի որ բավական չէ, որ որոշել են շնչին ընդամենը 3 մլն դրամ տալ, բացի այդ` չափահաս քաղաքացիները պարտավոր են լինելու այդ գումարը 10 տարի անց վերադարձնել պետությանը: Հակառակ դեպքում` այդ գումարներով գնված բնակարանները չեն սեփականաշնորհվի։
Արցախցիների շրջանում տեղեկություններ կան նաեւ, որ կառավարությունն ապրիլ ամսից սոցիալական աջակցությունը շարունակելու է, բայց խիստ կրճատված չափերով. թոշակառու արցախցիներին տրամադրելու են 20 հազարական դրամ, անչափահաս երեխաներին՝ 50 հազարական։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՀ խորհրդարանը հայտարարությամբ արձագանքեց ՀՀ փոխվարչապետի՝ բնակարանով ապահովելու ծրագրի մասին հայտարարությանը՝ հայտնելով իր անհամաձայնությունը։ Արցախի պատգամավորներն առաջարկում են 1 շնչին 5 միլիոն դրամ հատկացնել եւ անհատույց: Հակառակ պարագայում կստացվի, որ ՀՀ-ն արցախցիներին արտագաղթի ճանապարհն է ցույց տալիս։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արցախցիները որոշել են նաեւ բողոքի ակցիաներ նախաձեռնել։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Հայաստանում նոր ազգային իշխանություն ձևավորելու պահն ու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, և այդ հարցի շուրջ հասարակության մեծամասնության մոտ կոնսենսուս է ձևավորվել, արդեն կասկած չի հարուցում. դա են ապացուցում թե՛ տարբեր կենտրոնների կողմից հրապարակվող հարցումներն ու հետազոտությունները, թե՛ օդում թևածող հանրային տրամադրությունները։ Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ավելի քան 60 տոկոսը երկիրը առաջնորդող նոր քաղաքական ուժ է ցանկանում տեսնել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ներքաղաքական դաշտում ուշագրավ «ստորջրյա» պրոցեսներ են ընթանում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամենօրյա ռեժիմով զանազան հարթակներում հանդիպումներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների միջև, որոնք առայժմ չեն գաղտնազերծվում:
Այդ հանդիպումների հիմնական թեման երկիրը վերջնական կործանման տանող իշխանություններից օր առաջ ազատվելու նպատակով ռեսուրսների համախմբման, միավորման անհրաժեշտությունն է, այսպես ասած, «երրորդ ուժի» ստեղծման ճանապարհով:
Մենք ունենք տեղեկություններ, որ ցանկություն կա համախմբել ազգային արժեքներ կրող, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, «ո՛չ ռուսամետ, ո՛չ արևմտամետ» անձանց և ուժերի: Ըստ էության` փորձ է արվելու «Ղարաբաղ» կոմիտեի նմանությամբ շարժում ձևավորել, որտեղ լիդերներին, այսպես ասած, «օծեց» հրապարակը, ասել է թե՝ ժողովուրդը։ Ընդ որում, շրջանառվում են բավական հետաքրքիր, որոշ առումներով՝ նաև անակնկալ անուններ՝ որպես նշյալ համախմբման լիդերների թեկնածուներ:
Առայժմ հնարավորինս զերծ են մնում այդ անունները հրապարակայնացնելուց, սակայն, մեր տեղեկություններով, մոտ ապագայում արդեն իսկ կլինեն «խաղաքարտերը բացող» մի քանի հայտարարություններ՝ «երրորդ ուժի» դաշտում համապատասխան բևեռների ստեղծման մասին:
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշում կայացնել՝ փոխել վարժական հավաքներին հրավիրելու ծանուցագրի ձեւը։ Եթե մինչ այս ծանուցագրում գրվում էր, որ քաղաքացին կանչվում է զինկոմիսարիատ՝ վարժական հավաքների մասնակցելու, հիմա ՊՆ-ն առաջարկում է կանչել բուժզննում անցնելու, որ քաղաքացիները չվախենան՝ ներկայանան զինկոմիսարիատ։ ՊՆ նախագծում գրված է․
«Փաստացի դրանք պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինկոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացիներին հրավիրել զինկոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու եւ բուժհետազոտում իրականացնելու համար, որի արդյունքում համապատասխան բովանդակությամբ ծանուցման բացակայությունը․․․ հանգեցնում է զինկոմիսարիատ չներկայանալու ոչ իրավաչափ գործողությունների, ինչն էլ հետագայում ազդեցություն է ունենում օրենքով սահմանված պարտականության չկատարման գնահատման վրա՝ քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման շրջանակներում»։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստն» արդեն տեղեկացրել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել «ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը» խորագրով։ Համաժողովի նախաձեռնողները հայտարարել են գործողությունների շարք սկսելու մասին, որի նպատակը, ըստ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի, «երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է»:
Ըստ էության, սա նաև փաշինյանական նոր Սահմանադրության դեմ առաջին լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ շարժումն էր, ինչի առիթով նրա սատելիտները չհապաղեցին իշխանական տեղեկատվական հարթակներում տարբեր որակումներ շռայլել` մատնելով իշխանությունների վախերը։ Հասկանալով, որ Սահմանադրությունը փոխելու իր ծրագրերը լրջագույն դիմադրության օջախներ են ձևավորում Հայաստանում, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստին հանձնարարել է հնարավորինս քիչ հրապարակային խոսել նոր Սահմանադրության ընդունման օրակարգի մասին: Սա պայմանավորված է նաև իշխող թիմին ներկայացված սոցհարցումներով, ըստ որի, հանրաքվեն կարող է ավարտվել փաշինյանական թիմի համար խայտառակ արդյունքներով:
Փաշինյանն իր թիմին հանձնարարել է նախ և առաջ թուլացնել դիմադրության օջախները՝ «Հայաքվե» և այլն, նրանց մասին տարատեսակ որակումներ դաշտ նետելով։ Հասկանալի է, որ կազմակերպված և փաստարկված դիմադրությունը փաշինյանական իշխանության դեմ իրենց հոգեհարազատ մանիպուլ յացիաների համար փոքր դաշտ է թողնում։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում