Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը տեղափոխվել է Բաքու

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը տեղափոխվել է Բաքու

Ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը Հայաստանից տեղափոխվել է Բաքու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողը կհանձնվի ադրբեջանական կողմից։

«Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:

Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»-նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում