«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել․ Պեսկով
Նմանատիպ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, քանի որ հայկական կողմը Ռուսաստանին այդ մասին չի հայտնել։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Սոչիում ընթացող Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, իսկ ներկայիս դժվարությունները կանցնեն:
«Երկրների, ինչպես նաև մարդկանց հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են լինում։ Ամենամոտ հարևանները կարող են ունենալ լարված հարաբերություններ: Բայց այստեղ քաղաքական կամք է պահանջվում հարաբերությունները հարթելու համար ու մեր կողմից այդ կամքը կա»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Պեսկովը նշել է, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցելուց ու Ռուսաստանում հույս ունեն, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Ավելի ուշ իշխող կուսակցությունից հաստատել էին, որ օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերման հարցը քննարկվում է, քանի որ նրանց ներկայությունն անհանգստացնում է իրենց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում