Իշխանություններն ընդդիմադիր գործիչների դեմ ցուցմունք տվողներին տեղավորում են աշխատանքի․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Իշխանություններն աշխատանքի տեղավորելու միջոցով խրախուսում են նրանց, որոնք ցուցմունքներ են տալիս ընդդիմադիրների դեմ, միաժամանակ իրենց սպասարկող «ուժերի» միջոցով արցախցիների դեմ նոր արշավ են ձևավորում, փորձելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մեղքը բարդել Արցախի վրա, ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով։
Հիշեցնենք, որ աշխատանքային այդ քննարկման օրակարգում եղել են վարժական հավաքների եւ աշխարհազորի մասին հարցերը, որին արդեն անդրադարձել ենք։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների արդյունքում արցախցիների բռնի տեղահանումից հետո Նիկոլ Փաշինյանի մտավախություններից մեկը եղել է արցախցիների դժգոհության ալիքի գեներացիան, այսինքն՝ արցախցիների հնարավոր համախմբումը: Դրա համար նա ամեն ինչ արել է նման հեռանկարը վիժեցնելու, արցախցիների միջև պառակտում սերմանելու, հանրության շրջանում արցախցիների հանդեպ չարության նորանոր ալիքներ նետելու համար, ինչով, ի դեպ, զբաղված է եղել տարիներ շարունակ՝ թե՛ լրատվամիջոցի ղեկավար եղած ժամանակ, թե՛ որպես ընդդիմադիր պատգամավոր, թե՛, առավել ևս, որպես վարչապետ:
Երեկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք էր հրավիրել, որն ավելի էր անհանգստացրել Նիկոլ Փաշինյանին ու իր մերձակա շրջապատին: Դեռ մինչ հանրահավաքը, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն ամենաբարձր մակարդակով իրենց սատելիտներին հանձնարարել են արցախցիների դեմ հերթական արշավն իրականացնել։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, փորձ է արվում իշխանական հարթակներով այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։
Ի դեպ, հակաարցախյան այս արշավի «տիրույթում» է նաև իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից վերջին շրջանում տիրաժավորվող այն թեզը, թե ընդդիմությունը պատրաստվում է Արցախից բռնագաղթած հայության գործոնն օգտագործել տարբեր միջոցառումներ ու ակցիաներ իրականացնելիս։
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում երեկ մի քանի ժամ պնդեց իր դիրքորոշումը՝ Տավուշի չորս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կադաստրի աշխատակցի դեր ստանձնեց, ՀՀ քարտեզի հայտնի մակետն էր թափահարում՝ որերորդ անգամ փորձելով ներկայացնել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, քանի որ ադրբեջանական անվանում ունեն, սակայն նրա «փաստարկները» համոզիչ չէին անգամ ՔՊ-ականների համար։
Իշխանական օրենսդիրները սպասում են Փաշինյանի հետ առաջիկա փակ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ օրերս։ Իսկ մինչ այս ՔՊ-ականները մասնավոր զրույցներում իրենց անհամաձայնությունն են հայտնել միակողմանի զիջումների հետ կապված եւ փորձելու են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը ճշտել՝ իսկ ինչ ենք ստանալու մենք չորս բնակավայրերի դիմաց:
Դիցուք, Բերքաբերի մի քանի հարյուր հեկտար հայկական հողերը, որոնք 90-ականներից գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայելային սկզբունքով վերադարձվելո՞ւ են Հայաստանին, կամ Ջերմուկի, Վարդենիսի օկուպացված տարածքները։ Իշխանական թիմում կասկածներ ունեն, որ եթե Արցախն իրենք հանձնեցին ու մարսեցին, ապա դա դժվար է լինելու Հայաստանի դեպքում։
Ի դեպ, Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Տավուշի հողերը պետք է հանձնենք, բայց փոխարենը Տավուշում մի քանի հարյուր հեկտար Ադրբեջանը հետ է տալու մեզ: Փաստորեն, անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում է ինչ-որ բան փոխվել, եւ Ադրբեջանը հրաժարվել է իր պարտավորությունից:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս հայտարարվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի՝ Armflix -ի մեկնարկի մասին: Այն համարվում է «հայկական Netflix»։ Այստեղ օնլայն հարթակը նախընտրող կինոսիրողները կարող են դիտել հսկայական քանկության էքսկլ յուզիվ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ: Մեր ունեցած տեղեկություններով, Armflix – ը խոստանում է լինել հեղափոխական՝ հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող որակի արտադրանքով՝ էլ ավելի հագեցած ու լարված սցենարով և աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ:
Ի դեպ, այս մեգա նախագծում ընդգրկված են երևանյան թատրոնների գրեթե բոլոր դերասանները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընկերության սեփականատերերը ամերիկահայ գործարարներ են, որոնք ստեղծել էին առաջին ստրիմինգային օնլայն կինոթատրոնը՝ Kinodaran- ը, ինչպես նաև Հայաստանում գործող «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը։ Ազգությամբ հայ գործարարները այս մեգա նախագծի վրա ծախսել են միլիոնավոր դոլարներ:
Ընդ որում, ընկերության սեփականատերերը ԱՄՆ – ում ևս ունեն հեռուստաընկերություններ. ի մասնավորի, Ռոբերտ Օղլախչյանը ԱՄՆ -ի «ARTN» հեռուստաընկերության սեփականատերն է, իսկ Վահագն Սարգսյանը՝ «USArmenia»-ի։ Հավելենք, որ դեռ ամիսներ առաջ նկարահանված ու հեռուստադիտողի դատին հանձնված սենսացիոն «Սուրբը» քրեական դրամայի դերասանական ամբողջ կազմը ևս այժմ նկարահանվում է հենց Armflix-ի համար. մեր տեղեկություններով, նկարահանվում է նոր քրեական դրամա, որն, ըստ դերասանական կազմի ու ֆիլմի բնույթի, բացառիկ է լինելու։
Փաստացի, հայախոս առցանց հեռուստադիտողների շրջանում Armflix.com-ն այսօր չունի մրցակից, քանի որ հանրությանը ներկայացնում է բազմազան բովանդակություն ունեցող նյութեր, որոնք ուղղված են ամենատարբեր տարիքային խմբերին:
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը` Ագրարային համալսարանի ուսխորհրդի քարտուղարը, աշխատանքի է անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում: Սպառողներն արդեն կարող են հանգիստ լինել, քանի որ սննդամթերքի անվտանգության ոլորտն այլեւս հուսալի ձեռքերում է:
Հիշեցնենք, որ Չալաբյանի դեպքից հետո Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Թոռնիկին նախ նշանակել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա՝ մարքեթինգի եւ զարգացման բաժնի առաջատար մասնագետ: Սննդի անվտանգության տեսչությունից հաստատեցին մեր լուրը` Թոռնիկ Ալիյանն աշխատանքի է անցել Սննդի անվտանգության Երեւանի կենտրոնում` որպես փորձագետ:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն անթաքույց հայտարարում է Ադրբեջանի պահանջները կատարելու և Տավուշի մարզի չորս գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին: Այս թեմայով իրենց տեսակետներն են հայտնում տարբեր քաղաքական ուժեր:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, այսօր կամ վաղը բավական կոշտ հայտարարություն է տարածելու նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Հայոց համազգային կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայտարարության մեջ բավական կոշտ ձևակերպումներ ու որակումներ կան, մասնավորաբար՝ «նենգ դավադրություն», «հողատու» և այլն, ինչպես նաև նշվելու են այն վտանգները, որոնք սպասվում են վերոնշյալ զիջումների դեպքում:
Թերթի տեղեկություններով, առաջիկայում նորաստեղծ կուսակցությունը զգալի ակտիվություն է դրսևորելու և կոնկրետ գործողություններ է ձեռնարկելու։
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ հանդիպելու Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և հարակից այլ համայնքների բնակիչների հետ և փաստացի համոզելու, որ պետք է կատարել Ադրբեջանի պահանջն ու հանձնել Տավուշի չորս գյուղերը (Բաղանիս Այրում, Աշաղը (Ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի): Հանդիպման ամբողջ նպատակն է եղել վախ ներշնչել, որ չհանձնելու դեպքում «շաբաթվա վերջին» պատերազմ կլինի: Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ բնակավայրերը երբեք Հայաստանի տարածքում չեն եղել: Այս օրերին հաճախ խոսվում է բուն տարածքների հանձնման, այսպես ասած՝ «հող հանձնելու» մասին, սակայն ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե իրականում ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի հանձնել այդ տարածքները:
Նախ՝ քարտեզին նույնիսկ թեթևակի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում, որ Ոսկեպար գյուղը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, իսկ Կիրանց և Բաղանիս գյուղերը՝ մասնակի շրջափակման մեջ: Երկրորդ՝ Երևան-Թբիլիսի ռազմավարական ճանապարհը փաստացի կփակվի, թշնամու վերահսկողության տակ կհայտնվի նաև ռազմավարական գազատարը: Թշնամին կմոտենա վերոնշյալ երեք գյուղերին մի քանի տասնյակ մետրի հեռավորության վրա, ինչն այդ համայնքներում կյանքը պարզապես կդարձնի անտանելի, եթե չասենք՝ անհնար: Սրան գումարած՝ մեր լավագույն պաշտպանական բնագծերը կանցնեն թշնամուն՝ դրա ծանր հետևանքներով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պատրաստակամ հանձնողականության հերթական այս «արարից» զայրացած են ոչ միայն տեղի բնակիչները, ընդհանրապես Հայաստանի հասարակության՝ մտածելու ունակություն ունեցող հատվածը, այլ նաև զինվորականությունը: Բանն այն է, որ նրանք հիանալի հասկանում են, որ կա՛մ պետք է հրաժարվեն կատարել զորքերը հետ քաշելու հրամանը, կա՛մ դառնան հանցակից. բանն այն է, որ իրավաբանները, նաև տարբեր քաղաքական ուժեր հայտարարել են, որ գործ ունենք հանցագործության հետ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն օրերս նշել էր, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ և, համաձայն Քրեական օրենսգրքի 421 հոդվածի, ենթակա է խիստ պատժի:
Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից հնչեցված բնակավայրերը ՀՀ-ին չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը:
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատապարտյալները ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, մեծ բունտ է հասունանալու: Մասնավորապես, ըստ դատապարտյալների, 2023 թվականի նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ 5 տարի է` ՀՀ իշխանությունները համաներում չեն հայտարարում, ասել էր. «Ես, որ 2011 թվականին քրեակատարողական հիմնարկից դուրս եմ եկել համաներմամբ, ուզում եմ ասել, որ համաներումն արդյունավետ ինստիտուտ չեմ համարում, քանի որ ես այն տեսել եմ ներսից։ Շատ դեպքերում համաներմամբ դուրս եկած մարդիկ մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են` նոր հանցանքներ կատարելու պատճառով»:
Ըստ նրա` այս դեպքում ավելի նպատակահարմար է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը, այսինքն՝ մեխանիկորեն բաց չթողնել, այլ անհատական մակարդակով գնահատել, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է գտնվել ազատության մեջ, թե՞ ոչ։
Եվ ահա, ըստ դատապարտյալների, Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թ. փետրվարի 22-ին կայացվեց մի վատթարացնող որոշում, որով ավելի ծանրացավ դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը, եւ նախկինում կատարված հանցագործությունների համար օրենսգրքով պատժի պայմանական կրումից ազատվելը դարձավ անձանց հանդեպ անհավասար մոտեցում, ինչով խախտվեց նրանց իրավունքները։ Այսինքն՝ մինչեւ 22.02.2024 թվականը ով վաղաժամկետ ազատվեց՝ ազատվեց. իսկ նույն արարքը կատարած անձը, ում վաղաժամկետ ազատման ժամկետը 22.02.2024թ.-ից հետո է լրացել, նա պետք է պատիժ կրի մնացածի փոխարեն:
«Սա մեր վիճակը վատթարացրել է, եւ աղմուկը անխուսափելի կլինի. մենք կռիվ ենք տալիս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, իսկ սրանք ավելի են ամեն ինչ բարդացնում»:
Իսկ ի՞նչ որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը. բանն այն է, որ քրեական օրենսգրքի փոփոխութուններից հետո դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հարցը առավել բարեկարգվել էր, ու դատապարտյալները վստահ էին, որ դատարանը նոր օրենսգրքով կառաջնորդվեր, եւ իրենք ավելի շուտ ազատ կարձակվեին, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է, որ նոր քրեական օրենսգրքի փոփոխությունը չի ազդի դատապարտյալների վրա, եւ նրանք կշարունակեն կրել իրենց պատիժը հին օրենսգրքի չափանիշներով»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 3-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն է, առաջադրումները նախօրեին ավարտվել են: 1996-ից ֆակուլտետը ղեկավարող Գագիկ Ղազինյանը չի առաջադրվել, ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորությամբ ինքնառաջադրվել է նրա մտերիմ Հարություն Խաչիկյանը, ով նույնպես հնաբնակներից է` 1994-ից դեկանի տեղակալն է։ Մյուս թեկնածուն Գեւորգ Պետրոսյանն է, ում ԵՊՀ-ից հեռացրել են, նա դատական կարգով վերականգնվել է, եթե առաջիկայում որոշումը չբողոքարկեն։
Դեռ ամիսներ առաջ լուրեր կային, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ եթե Գագիկ Ղազինյանն առաջադրվի, տապալեն ընտրությունը եւ դեկանի ԺՊ նշանակեն իրենց մարդուն՝ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով չունի ո՛չ գիտական աստիճան, ո՛չ դոցենտի կոչում, ինչը պարտադիր պահանջ է։
ԵՊՀ աղբյուրների փոխանցմամբ՝ Դավթյանը հրաժարվել է առաջարկից, իսկ ԵՊՀ-ում կոնսենսուսի են եկել՝ ո՛չ Ղազինյանը, ո՛չ «դրսից» մարդ, այլ կոլեկտիվի ուզած թեկնածուն։ Գագիկ Ղազինյանն իր չառաջադրվելու մասին ասաց․ «28 տարի դեկան եմ աշխատել, չէի ասի, որ սահմաններն անցել եմ, բայց բոլոր դեպքերում այն կարծիքին եմ, որ պետք է հնարավորություն տալ մյուսներին։ Մեր ֆակուլտետում այդպիսի մարդիկ առնվազն 2-3 հոգի կային, նույն՝ Խաչիկյանը, որը նման ցանկություն է հայտնել եւ ունի ֆակուլտետի գիտխորհրդի աջակցությունը։ Պետք է բոլորով օգնենք, որ ֆակուլտետը ոչ միայն դիրքերը չզիջի, այլ մի բան էլ բարձրացնի»։
Նա չհերքեց, որ ընդհանուր հայտարարի են եկել․ «Չի կարող լինի դրսից մեկը․․․ Այդ կարծիքը ձեւավորվել է մեր ֆակուլտետում, դեկանատի նիստում մոտ 100 մարդ է եղել, որեւէ մեկին չենք հարցրել, ֆակուլտետը գնահատում է իր հեղինակությունը, եթե ԵՊՀ խորհուրդն այլ կարծիք ունի, կդրսեւորի»։
Դեկանի թեկնածուին առնվազն 41 ձայն է պետք՝ ընտրվելու համար:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում