Մակրոնն առաջարկում է միավորել ԵՄ, Կովկասի և Բալկանների էներգահամակարգերը

Մակրոնն առաջարկում է միավորել ԵՄ, Կովկասի և Բալկանների էներգահամակարգերը

Այսօր՝ մարտի 21-ին, Բրյուսելում ընթացող ատոմային էներգետիկային նվիրված համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել միավորել ԵՄ, Կովկասի և Արևմտյան Բալկանների էներգահամակերգերը։

«Այդ քայլը կարող է էժան էլեկտրաէներգիայի աղբյուրներ ստեղծելուն միտված բեկումնային գործոն դառնալ։ ԵՄ, Արևմտյան Բալկանների և Կովկասի էներգահամակարգերը պետք է միավորվեն և հարկավոր է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնել», – նշել է Ֆրանսիայի նախագահը։

Հիշեցնենք, որ նույն համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Բացի այդ, Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրփոյի եւ Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում