Պայքարի նոր ալիքը կառաջնորդեն Բագրատ և Միքայել սրբազանները․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ կատարած վերջին այցը իրար է խառնել ողջ մարզը, տեղացիներն ահաբեկված են, անհանգիստ են, չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում իրենց. Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տավուշում առաջիկայում կարեւոր զարգացումներ են սպասվում:
«Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է ապրիլից վերսկսել փողոցային պայքարը. անհնազանդության ակցիաներ կլինեն ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անհնազանդության պայքարի այս փուլը սկսվելու է Տավուշի մարզից, որն այս պահին նոր զիջումների վտանգի տակ է:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ կատարած վերջին այցը իրար է խառնել ողջ մարզը, տեղացիներն ահաբեկված են, անհանգիստ են, չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում իրենց:
Ահա այս անորոշ իրավիճակում տավուշցիները մտադիր են դառնալ առաջամարտիկ, ուստի հանրության դժգոհության ալիքը կսկսի հենց Տավուշի մարզից, այնուհետեւ «կտարածվեն» այլ մարզերում ու Երեւանում:
Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հանրության այս անհնազանդության ակցիաները մտադիր են իրենց ձեռքը վերցնել Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Մեզ հետ զրույցում Բագրատ Սրբազանը հարցի առնչությամբ ասաց. «Ժողովուրդը պարբերաբար հավաքվում, ակցիաներ է անում, մենք խնամում ենք, քաջալերում ենք, պաշտպանում ենք, մեր իրավունքները չե՞ն: Հիմա, որպես այդպիսին, ակցիաների խնդիր չկա, տեսնենք՝ ինչ է լինում», – ասաց նա:
Սրբազանից հետաքրքրվեցինք նաեւ, թե Նիկոլ Փաշինյանի այցից հետո ինչ վիճակ է մարդկանց մոտ, ինչ ահանգստություններ կան, ինչ են պատրաստվում անել.
«Անհանգստություն բոլորիս մոտ կա, բայց տրամադրությունը նորմալ է: Թե ինչ են անելու, կանեն՝ կերեւա»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման տասնամյակը: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 8-ին: Նշենք, որ այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում: Որոշ քպականներ տարակուսանք են հայտնել, թե ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում տարբեր նիստերին որևէ մասնակցություն չունենալով՝ իմաստ ունի՞, արդյոք, մասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին:
Մեր տեղեկություններով, Փաշինյանը նշել է, թե որպես նախագահող այս նիստին չմասնակցելը «պերեբոր» կլինի ու կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, այդ թվում՝ տնտեսական: Փաշինյանը մասնավորաբար նշել է, թե «գազն ու լույսը կանջատեն»: Նա թռուցիկ մի քանի այլ պատճառաբանություններ է նշել և տեղեկացրել, որ ինքը հստակ որոշում ունի մասնակցել այդ գագաթաժողովին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աջափնյակի դատարանի կաշառքի գործով կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կհրավիրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը: Նա այդ գործով վկա է, եւ առաջիկայում նրան հենց վկայի կարգավիճակում էլ հրավիրելու են հարցաքննության:
Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ եւ իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ի վերջո մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։ Այո, Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի Ֆազն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ փուլում է գտնվում էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քերոբյանի գործով այս պահին ստուգվում են համակարգիչներում առկա տեղեկությունները:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջի»-ի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ:
Նա տնային կալանքի տակ է գտնվում փետրվարի 16-ից։
Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:
Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ և քննարկել բելառուս Յարոսլավ Նովիկովի հարցը, որը կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով, «Позірку»-ին հայտնել են բելառուս քաղաքական գործչի մամուլի ծառայությունից։
«Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան է ստանալու Հայաստանում։ Հանդիպմանը քննարկվել է հայ խորհրդարանականների հետ սերտ համագործակցությունը»,- գրում է աղբյուրը։
Նշվում է, որ Տիխանովսկայան համերաշխության խոսքեր է հայտնել և նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ տարվա նոյեմբերին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չգալու որոշման համար։ Մարտի 17-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում չորս տղամարդ է բերման ենթարկվել։ Նրանք մեղադրվում են զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեջ։ Ձերբակալվածներից մեկի անունը Յարոսլավ Նովիկովն է։
Current time-ի տեղեկություններով՝ Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան էր խնդրել պաշտոնական Երևանից այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով նրան ձերբակալել էին Հայաստանում։ Նովիկովը Բելառուսին արտահանձնվելու դեպքում կկանգնի դատարանի առաջ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում