Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպմանը խոստովանել է, որ գնալու են տարածքների միակողմանի զիջման․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Իշխանական վերնախավը ճեղքվում է, ինչն էլ հնարավոր է հանգեցնի փլուզման․ ՔՊ-ում ձևավորվել է երկու թև՝ նիկոլականներ ու ԱԽՔ-ականներ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցած ուրբաթ՝ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հերթական փակ հանդիպումն է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը եղել է ընդլայնված ֆորմատով․ մասնակցել են կառավարության գրեթե բոլոր անդամները, անգամ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ եւ անցել է լարված մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք հակադրվել են Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը եւ հորդորել, ի վերջո, հայտարարել, թե որոնք են մեր «կարմիր գծերը», եւ ասել, թե որ հարցերում կարող ենք մերժել Ադրբեջանին։ Մինչդեռ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման տեսլականը»:
Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում եւ այն էլ՝ սեղմ ժամկետներում: Մոտավորապես ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, եւ չորս բնակավայրերը, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, ադրբեջանական են, վերադարձվեն տիրոջը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով է ստանալու։ Ոմանք տեղից կարծիքներ են հայտնել՝ ավելի լավ է պատերազմով տալ, քան ստորագրությամբ, ժողովուրդն այս անգամ հաստատ չի ների իշխանություններին։ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ուզում այդ ճանապարհը, քանի որ չկա երաշխիք, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը կվերցնի ոչ միայն իրեն «պատկանելիք» տարածքները, այլեւ չի հասնի մինչեւ Լոռի եւ անգամ՝ Երեւան։ Այս անգամ էլ, փաստորեն, պատերազմով է վախեցրել իր պատգամավորներին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանի իշխանություններն անգամ համազգային աղետի եւ սուգի պարագայում չեն կարողանում բարեկամ երկրի հանդեպ սոլիդարություն ցուցաբերել ու ապրումակցել:
Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության կապակցությամբ Ռուսաստանում հայտարարված համազգային սգո օրվա առիթով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը սգո հուշամատյան է բացվել երկուշաբթի օրվանից:
Այնտեղ գրառում էին արել եւ իրենց ցավակցությունն էին հղել հայաստանյան մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ։
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն են երկուշաբթի գնացել ՌԴ դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում ՔՊ-ում այլեւս չկա նախկին միասնականությունը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ ՔՊ-ականները մեկ մարդու պես կրկնեն իր կարծիքը։
Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն գրեթե հստակ է՝ 2 հակադիր բեւեռ է ձեւավորվում՝ նիկոլականներ եւ գրիգորյանականներ։ Խոսքն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին է, ով մշտապես ընդգծված արեւմտամետ է եղել, հակառուսական հայտարարություններ արել, սակայն Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ իր դիրքորոշումներով անակնկալի է բերել ՔՊ-ականներին, հակադրվելով Փաշինյանի՝ ամեն գնով եւ հնարավորինս շուտ դեպի Եվրոպա թեքվելու քաղաքականությանը։
Թեպետ Գրիգորյանը քննարկումների ժամանակ ՌԴ-ի վերաբերյալ դրական դիրքորոշում չի հայտնում, սակայն փաստարկված ներկայացնում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից եւ վերջինից կտրվելու բացասական հետեւանքները:
Նա այն դիրքորոշման կողմնակիցն է, որ Հայաստանի զարգացումը տարածաշրջանային ֆորմատում է հնարավոր, եւ Ռուսաստանն այստեղ էական դերակատարում ունի։ Չի բացառվում, որ իշխանությունը, գիտակցելով իր վարկանիշի անկումը, փորձում է թիմի ներսում «ընդդիմադիր» ուժ ձեւավորել, որը հաջորդ ընտրություններին կառավարելի հակակշիռ ունենա։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մարտի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ էր վարչապետը խոստացել այցելել Տավուշ եւ զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը կսկսվի հենց Տավուշի մարզից։
Մարտի 18-ին արդեն Փաշինյանը հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպումը հարթ չէր անցել. Փաշինյանը, ըստ բնակիչների, ասել է՝ եթե զիջումների չգնանք, պատերազմ կսկսվի:
Եւ, ահա, Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ, սակայն ՀՀ վարչապետը Վրաստանից Հայաստան եկած պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու գործով էր զբաղված եւ տավուշեցիների մոտ ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերին օրակարգում ընդգրկված հարցերից զեկուցվող է լինում առավելագույնը 2-3 հարց, որոնց շուրջ էլ ծավալվում են երկարաշունչ «քննարկումները»:
Թերթի տեղեկություններով՝ կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նախապես ճշտում է, թե նիստի օրակարգում ինչ նախագծեր են ներառված, այլև անձամբ առանձնացնում է իր համար «ցանկալի» երեքը, որոնց շուրջ կարող է «ծավալվել», և որոնք կարող են փիառային էֆեկտ ունենալ։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ «ընտրյալ» հարցերը, որոնք պետք է զեկուցվեն և քննարկվեն նիստի ընթացքում, նախարարական կոմիտեներում առանձնապես երկար քննարկում չեն անցնում, որ կառավարության նիստում «ցույց տալու բան լինի», կարծիքների հակադրություններ լինեն և այլն:
Ըստ էության, սրա արդյունքում է, որ, չնայած օրակարգում զեկուցվող 2-3 հարց է ներառված լինում, սակայն նիստերը ձգվում են 90, հաճախ նաև 100 րոպե, իսկ շատ հաճախ որևէ հարց ընդունվում է դրա վերաբերյալ «տարբեր կարծիքների» պարագայում, չնայած իրականում բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին։ Ի դեպ, ուշագրավ է, որ կառավարության վերջին նիստը, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տևեց ընդամենը 25 րոպե»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում