ՔՊ-ն ծնկի էր եկել, բայց ժողովուրդը թիկունքից մոտեցավ ու բարձրացրեց նրան, կարծում է Աղազարյանը․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Հայաստանը կանգնած է հերթական տարածքները կորցնելու շեմին, ՔՊ-ն պայքարում է ԵՊՀ-ում դեկանի պաշտոնի համար․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, վայքեցի Կառլեն Մինասյանի «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն «բինգո» է բռնել՝ 2 դպրոց կառուցելու տենդեր է շահել՝ Վայոց Ձորի Արենի գյուղում եւ Սյունիքի մարզի Խոտում։ Արենիի դպրոցի համար փոխանցվել է 1 մլրդ 736 մլն, Խոտ գյուղի դպրոցի համար՝ 1 մլրդ 370 մլն դրամ։
Հետաքրքիր է, որ Օհանավանի դպրոցի կառուցման համար կառավարությունը 880 մլն դրամ էր հատկացրել: Օհանավանի բնակչությունը, 2011 թ. մարդահամարի տվյալներով, 2 հազար 312 մարդ է, իսկ Խոտինը՝ 942։ Այսինքն՝ Խոտ գյուղում դպրոցի կառուցումը մոտ 2 անգամ թանկ արժե, քան Խոտից 2 անգամ մեծ Օհանավանինը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ այսօր՝ ապրիլի 3-ին, կայանալու են Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գիտխորհրդի նիստը, որը կկայանա ժամը 12:00-ին, շատ թեժ է անցնելու։
Բանն այն է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է եւ նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։
Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։
Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել է նաեւ ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Գիտխորհրդում Պետրոսյանը չունի վստահություն, սակայն Խաչիկյանին գիտեն եւ վստահում են գրեթե բոլորը։
Հավելենք նաեւ, որ սա այն եզակի ֆակուլտետներից է, որտեղ դեկանը իշխանության «սրտի» մարդը չէ եւ տարիներ շարունակ պայքարել է, որ քաղաքականությունը չմտնի ֆակուլտետի պատերից ներս։ Ավելին՝ ԵՊՀ-ում գրեթե բոլոր ֆակուլտետները աշխատում են իշխանության ենթակայության տակ եւ անմիջական հրահանգներով։
Այժմ Ղազինյանի (որը ընդդիմադիր թեւի կողմնակից էր) չառաջադրվելը իշխանության «սրտի» քայլ էր, եւ նրանք հնարավորությունը բաց չեն թողնի այստեղ եւս արմատավորել իշխանական թեզերը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք, թե երբ եւ որտեղ է ՔՊ քաղաքական թիմը «մեռել եւ հարություն առել» խնդրելով մեկնաբանել Արտաշատում Նիկոլ Փաշինյանի խոսքերը: «Օրինակ՝ մի անգամը ես գիտեմ, թե երբ է ՔՊ-ն մեռել․ դա պատերազմից հետո էր 44-օրյա»,- ասաց նա:
Աղազարյանը ՔՊ-ի մահը «պայմանական» է որակում՝ նշելով, որ ինքն այլ բնութագրում կտար. «Ծնկի էր եկել, բայց ժողովուրդը թիկունքից մոտեցավ մեզ, ասաց՝ բարձրացեք, ճիշտ ուղղությամբ եք գնում: Էդ կարելի է համարել, որ մենք մահացել ենք եւ հարություն ենք առել»:
Այսինքն՝ ուզում եք ասել, որ մեր ժողովուրդը պատերազմը, զոհերը, Արցախի հանձնումը ներել է ձեզ, եւ ինչ կատարվել է, ճիշտ ուղղությո՞ւն է համարում։
Պատգամավորը պատասխանեց․ «․․.Չէ, ո՛չ զոհերն են ճիշտ ուղի, ո՛չ պատերազմը, ճիշտ ուղի է մեր հետեւողական դիրքորոշումը, եւ դրա համար էլ մեզ թիկունքից բարձրացրեց ու ասեց, որ ձեզ վստահում եմ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցում փորձեցինք պարզել՝ դեռ քաղաքականության մե՞ջ է, թե՞ հեռացել է: Նա պատասխանեց.
«Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները, շքեղ քաղաքներն ու գյուղերը թողած… ինչի՞ մասին է խոսքը։ Օրումեջ նոր պատերազմի մասին ենք լսում, Տավուշի բնակչությունը շվարած սպասում է։ Իմ կարծիքով, Հայաստանում ապրելն այսօր արդեն քաղաքականություն է։ Մարդը չի կարողանում իր կյանքը 1-2 շաբաթից ավել պլանավորի, չգիտի՝ վաղն ինչ է լինելու։ Այս պայմաններում ի՞նչ քաղաքական միտք, քաղաքական պայքար, տնտեսական քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր։ Դրանք ընդամենը սիրուն ձեւակերպումներ են»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում