Թուրքիայի ընդդիմության ռևանշը. Էրդողանը պարտված է առաջին անգամ
Նմանատիպ
Թուրքիայում իշխող կուսակցության, Ռեջեփ Էրդողանի քաղաքական վերջի սկիզբը դրվեց 5 տարի առաջ՝ ՏԻՄ նախորդ ընտրություններին, երբ էրդողանականները պարտվեցին երեք հիմնական քաղաքներում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր։ Այս ընտրությունները թուրքերի երկրորդ ծանր հարվածն են Էրդողանին։
Ստացած քվեների ընդհանուր թվով 5 տարի առաջ Էրդողանը հաղթել էր, այս ընտրություններում՝ պարտվեց։ Ընդ որում, եթե 5 տարի առաջ քեմալականների հաղթանակը քվեների միայն մի քանի տոկոս տարբերությամբ էր, ապա հիմա՝ Ստամբուլից մինչև Անկարա հաղթանակը 10-30 տոկոս ջախջախիչ առավելությամբ է։ Ընտրությունների հաջորդ օրվա՝ ապրիլի 1-ի առավոտյան ժամը 10-ի տվյալով՝
Ստամբուլում ընդդիմադիր քեմալականների թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է քվեների 51.09%-ը, Էրդողանի թեկնածու Մուրաթ Քուրումը՝ 39.60%-ը,
Անկարայում ընդդիմադիր քեմալականների թեկնածու Մանսուր Յավաշը ստացել է քվեների 60.35%-ը, Էրդողանի թեկնածու Թուրքգութ Ալթընոքը՝ միայն 31.69%-ը,
Իզմիրում քեմալականները միշտ առավելություն ունեն՝ այս անգամ 48.90%-ով, էրդողանականները ստացել են քվեների 37.07%-ը,
Քեմալականները հաղթանակ են տոնում Թուրքիայի ամբողջ՝ արևմուտքից մինչև երկրի կենտրոն ձգվող տարածքներում։ Էրդողանականներն ու նրանց դաշնակից ազգայնամոլական կուսակցությունը առավելություն են ստացել հիմնականում կենտրոնական շրջաններում։ 50 հազար զոհերով երկրաշարժի գոտում, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, ընտրել են Էրդողանի կուսակցությանը։
Թուրքիայի ներկա տարածքի արևելքում՝ հայկական տարածքների արդյունքները՝ այս հոդվածի՝ «Թուրքիայի հայերի և հայկական տարածքների քվեարկությունը» ենթավերնագրի տակ է։
Այս ընտրություններին էրդողանականները կորցրել են Թուրքիայի 30 խոշոր քաղաքներից 15-ը։
Էրդողանի առաջին արձագանքը
Էրդողանի առաջին պատշգամբային ելույթը սպասվում էր Ստամբուլում, բայց երբ սկսեցին ուրվագծվել ընտրությունների առաջին արդյունքներն ու Ստամբուլի կորուստը՝ արդեն երկրորդ (նույնիսկ երրորդ) անգամ, թուրքական հեռուստաալիքները հայտարարեցին՝ Էրդողանը մեկնել է Անկարա, առաջին ելույթը սպասվում է այնտեղ։
«Սա մեր վերջը չէ, մեզ համար շրջադարձային կետ է», – հայտարարեց Էրդողանն իր պարտված կուսակցության կենտրոնական գրասենյակի պատշգամբից։ Պարտության ծանր ազդեցությունը թաքցնել անգամ չէր կարողանում ու չէր էլ փորձում։ Էրդողանն անմիջապես հավելեց, որ կատարվածը Թուրքիայում ժողովրդավարության հաղթանակն է, իսկ իրենք՝ իր կուսակցության ներսում և բոլոր օրգանները, կվերլուծեն պարտության պատճառները, և չորս տարի ժամանակ ունեն այդ սխալներն ուղղելու համար։ Էրդոողանն արդեն իսկ նշեց այդ պատճառները՝ ընդգծելով, որ տնտեսության դժվարությունների, ինֆլյացիայի ուղղությամբ աշխատելու են առաջինը։
Էրդողանի այս հայտարարությունները նշանակում են` այս քաղաքական գործիչը գիտակցում է, որ առնվազն Թուրքիայի ներսում խոսում են իր վերջի մասին, գիտակցում է, որ պարտության գլխավոր պատճառը տնտեսական ճգնաժամն է, և ուղերձ հղեց, որ արտահերթ ընտրություն թույլ չի տա, որովհետև գիտակցում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների վերահսկողությամբ գործող լրատվամիջոցներն արդեն իսկ գրում են Թուրքիայում հնարավոր արտահերթ ընտրությունների ու էրդողանի առավել վաղ վերջի մասին։
Մյուս կողմից սուլթանական հակումներով ու հարևան երկրների տարածքներ ներխուժելու հավակնություններով Էրդողանն արդեն իսկ փորձեց մրցակցի հաղթանակը գրանցել իր հաշվին՝ ընտրությունների արդյունքն ու իր պարտությունը հայտարարելով ժողովրդավարության հաղթանակ իր առաջնորդած Թուրքիայում։ էրդողանական խոսափողները հանձնարարությունը հասկացան և հիմա փորձում են պարտության աղմուկը լռեցնել ժողովրդավարության հաղթանակի մշուշով։
Էրդողանի պարտությունից հետևություններ Հայաստանի համար
Այն, որ Թուրքիայի նախագահն իրավացիորեն արձանագրում է՝ պարտության առաջին ու գլխավոր պատճառը տնտեսական ճգնաժամն է, հուշում է նաև Հայաստանի համար։
Էրդողանի արտաքին քաղաքականության հետ թուրքերը համաձայն են, նաև Հայաստանի դեմ քաղաքականությունը հարցեր չի առաջացնում։ Եվ սա դրսևորվել է մեկ տարի առաջ՝ նախագահական ընտրություններում, երբ այս նույն տնտեսական ճգնաժամը կար, անգամ 50 հազարից ավելի զոհով երկրաշարժը եղավ, բայց էրդողանը խոստանում էր միավորել թյուրքական աշխարհը, խոստանում էր Թուրքիան դարձնել ազդեցիկ, ինքնուրույն խաղացող մեծ քաղաքականության մեջ։ Եվ ընտրեցին նրան։
Թուրքերի խնդիրը ներքին է։ Տնտեսության, աղքատության, գործազրկության, լիրայի անկման, թանկացումների ցուցանիշները նկատելի ու ծանր են Թուրքիայի քաղաքացիների համար։ Իսկ նրանք մշտապես են առաջնորդվել տնտեսական գործոնով։ Եվ Էրդողանի երկու տասնամյակի քաղաքական կարիեռայի հիմքում եղել է հենց նրա տնտեսական քաղաքականությունը, որը հակիրճ կարելի է ձևակերպել այսպես՝ հնարավորություններ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։
Ամեն ինչ փոխվեց 2016-ի հեղաշրջման փորձից հետո, երբ Ռեջեփ Էրդողանը իր անձնական շահերը սկսեց դիտարկել Թուրքիայի և թուրքերի շահերից վեր։ Էրդողանը իրեն տապալելու փորձը կազմակերպելու մեջ մեղադրեց գյուլենականներին, նրանց առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ապաստանել է ԱՄՆ-ում։ Էրդողանը ԱՄՆ-ից պահանջեց արտահանձնել իր գլխավոր թշնամուն, ստացավ մերժում, ինչից էլ սկսվեց Թուրքիա-ԱՄՆ կամ Էրդողան-ԱՄՆ սառեցումը՝ դրանից բխող նաև տնտեսական հետևանքներով։
Եվ հիմա, չորս տարի անց ամեն ինչ չկորցնելու համար Էրդողանն ունի միայն մեկ հնարավորություն՝ ուշքի բերել երկրի տնտեսությունը, ինչը անել հնարավոր է։ Ու բացառված չէ, որ Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցք կոչվածը ներկայացվի որպես հնարավոր ելքերից մեկը՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ ուղիղ իբր տնտեսական կապի դուրս գալու համար։ Հայաստանի համար սա նշանակում է ռիսկերի ավելացում։
Ընդդիմադիրների հաղթանակի նշանակությունը
Ընտրելով քեմալականներին՝ Թուրքիան նախընտրեց աշխարհիկ և ազատ կարգերը։ Էրդողանի կրոնամոլ և գլխաշորով կարգերի փոխարեն։ Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին ու նրա կուսակցությանը հաղթեց առաջին անգամ։
Թուրքերը ցույց տվեցին, որ հիասթափված են, որ չորս տարի անց կարող են Էրդողանի համար կայացնել վերջնական որոշում։ Ընդդիմադիր և հաղթանակած քեմալականների առաջնորդը հայտարարեց. «Այս հաղթանակը Թուրքիայի համար բացում է դուռ դեպի նոր դարաշրջան»։
Նա հավելեց, որ Թուրքիայի քաղաքացիներից ստացած այս վստահության քվեն իրենք կմեկնաբանեն որպես Թուրքիան իրավական պետություն պահպանելու ցանկություն։ «Մենք մեր երկրում բոլոր խտրականությունների դեմ ենք, մենք Թուրքիայի Հանրապետությունն ենք՝ իր բոլոր գույներով։ Մեր տարբերությունները մեր հարստությունն են», ֊ հայտարարեց քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։ Եվ սա ուղերձ նաև քրդերին, հայերին, մյուսներին։
Ընդդիմադիր, քեմալական Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը Ստամբուլում ամրապնդում է նրա դիրքը՝ որպես երկրի ամենածանրակշիռ քաղաքական գործիչներից մեկը, որն արդեն երեք անգամ հաղթում է Էրդողանի թեկնածուներին։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի 2028-ի նախագահական ընտրություններ՝ որպես թեկնածու և անգամ որպես ֆավորիտ։ Նախագահական աթոռն իրավահաջորդի փոխանցելու Էրդողանի ծրագիրը տապալելու բոլոր հնարավորություններով։
Թուրքիայի հայերի և հայկական տարածքների քվեարկությունը
Պոլսի հայաշատ թաղամասերում՝ Շիշլի, Քադըքյոյ, Բաքըրքյոյ և կղզիներ, ձայների մեծ տարբերությամբ հաղթել են ընդդիմադիր քեմալականները, ինչպես անցած ընտրություններում։ Քաղաքապետ վերընտրված Իմամօղլուն առաջին արդյունքներին հետևած իր ելույթում շնորհակալություն հայտնեց նաև հայերին։
Թուրքիայի ներկա տարածքի արևելքում՝ հայկական տարածքներում, հիմնական հաղթանակը քրդերինն է, այլ հարց, թե որքան ժամանակ կկարողանան պաշտոնավարել։ էրդողանը ձևավորել է սովորույթ՝ ընտրված քուրդ քաղաքապետերին բանտարկում է, նշանակում իր անձանց։ Եվ այս տարածքների որոշ շրջաններում, ինչպես և սպասվում էր, հաղթանակ են գրանցել ազգայնամոլները։
Հայաստանին սահմանակից ու մոտ տարածքների արդյունքները ներկայացնենք՝ սկսելով հյուսիս-արևմուտքից՝
Արդահանում քեմալականները ստացել են քվեների 45.06%-ը, էրդողանականները՝ 43.51%։
Կարսում հաղթել են ազգայնամոլները՝ 36.20%-ով, քրդերը ստացել են քվեների 28.99%-ը։
Իգդիրում քրդերը ստացել են 46.70%, էրդողանականները՝ 42.23%։
Արարատ լեռան շրջանում՝ ներկայում Աղրը կոչվող նահանգում քրդական կուսակցությունը ստացել է 51.07%-ը, էրդողանականները՝ 33.70%։
Էրզրումը էրդողանականներին է՝ 50.39%-ով, երկրորդն ազգայնամոլներն են՝ 22.23%, քրդերը միայն երրորդն են։
Վանում քրդերը տոնում են՝ 55.48%-ով, էրդողանականները ստացել են միայն 27.15%։
Մուշում քրդերն ունեն 42.74%, Էրդողանը՝ 25.18%։
Բիթլիսում տարբերությունը մեծ չէ՝ քրդերը՝ 38.23%, էրդողանականները՝ 37.38%։
Դիարբեքիրում քրդերն էրդողանին դաս են տվել՝ հավաքելով քվեների 64.07%-ը և էրդողանականներին թողնելով միայն 16.85%։
Վերջում երբեք ավելորդ չէ հավելել, որ Թուրքիայում ընդդիմության հաղթանակից ոգևորվելը և հույսը, թե չորս տարի անց իշխանությունը վերցնելով քեմալականները կարող են իրողություններ փոխել Հայաստանի հետ հարաբերություններում, մեղմ ասած, տեղին չէ։
Հայկական հարցի, Հայաստանի տարածքի, Հայաստանի դեմ հանրապետական Թուրքիայի քաղաքականությունը մեկ դարում չի փոխվել, թեև փոխվել են նախագահները, իշխող կուսակցությունները։ Հայերի և Հայաստանի դեմ փոքր-ինչ տարբեր են եղել միայն թուրքերի երազաքներն իրագործելու մեթոդները, գործիքները։
Անի Ավետյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն