Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին. Նիկոլ Փաշինյան
Նմանատիպ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումն՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ ընդլայնվող գործընկերություն։ «Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության եւ հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունն՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն իր ելույթում նշեց՝ հիմնվելով արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել տնտեսական համագործակցությունը, խթանել առեւտուրը եւ ընդլայնել գործընկերությունը շարժունակության ոլորտում։ «Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը եւ այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր եւ ուսումնասիրել առեւտրի դյուրացման հնարավոր սխեմաները»,-ասաց վարչապետ Փաշինյանը։
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքներին՝ վարչապետը կարեւորեց նրանց արժանապատիվ կյանքը վերականգնելը՝ բնակարանային եւ տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Նա հավելեց, որ Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»։
Իր ելույթի վերջում վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ ամենին հասնելու համար կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ գործընկերները կաջակցեն, որպեսզի նախաձեռնությունն ինտեգրվի ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարության հետ։
«Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս», – եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում