ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են տեսնել ուժեղ Հայաստան․ կտրամադրվի 270 միլիոն եվրոյի և 65 միլիոն դոլարի աջակցություն

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են տեսնել ուժեղ Հայաստան․ կտրամադրվի 270 միլիոն եվրոյի և 65 միլիոն դոլարի աջակցություն

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը։

Քննարկումից առաջ կողմերը հանդես են եկել հայտարարությամբ, որի ընթացքում ֆոն դեր Լյայեն նշել է, որ հանդիպումը նվիրված է Հայաստանի զարգացման հեռանկարներին։

«Առաջիկա 4 տարիներին 270 մլն եվրոյի աջակցություն կտրամադրվի, մենք կաջակցենք ձեր բիզնեսին, տաղանդներին, որպեսզի նրանք զարգանան և նոր շուկաներ գրավեն։

Ներդրումներ կունենանք կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպես օրինակ՝ Սևծովյան մալուխում, որը կարող է մաքուր վերականգնող էներգիա բերել Եվրոպային։ Ներդրում կանենք Հայաստանի վերականգնող էներգիայի ոլորտում, որպեսզի ավելի լավ կապակցվածություն լինի Վրաստանի հետ»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի՝ աջակցություն կտրամադրվի ոչ միայն «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում, այլև ավիահողարդակցության և միջուկային էներգիայի ոլորտներում։

«Աջակցության այս փաթեթը հիմնված է ԵՄ փաթեթի հիման վրա, որի շրջանակներում հավաքվել է կես միլիոն եվրո։ Սա շատ լավ նորություն է, բայց մենք նաև նոր փաթեթ կունենանք։ Այդ պատճառով ստեղծել ենք կոորդինացիայի նոր հարթակ, որտեղ կարող ենք արագացնել այդ ծրագրերի իրականացումը և առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը»,-նշել է նա։

Հայտարարության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադաձնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշել է, որ Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։

«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, սա շատ կարևոր է Հայաստանի երկարաժամկետ կայունության համար»,- ասել է նա։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանին տեսնել որպես ուժեղ երկիր։

«ԱՄՆ-ն Սատարում է «Խաղաղության խաչմերուկի» առաջարկը։ Տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս` նոր տրանսպորտային ուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հաղորդակցություններով»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքերի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն։

Հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսել է գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։

«Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության եւ հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունն՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքներին՝ վարչապետը կարեւորեց նրանց արժանապատիվ կյանքը վերականգնելը՝ բնակարանային եւ տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Նա հավելել է, որ Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»։

Իր ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ամենին հասնելու համար կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ գործընկերները կաջակցեն, որպեսզի նախաձեռնությունն ինտեգրվի ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարության հետ։
«Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս», – եզրափակել է ՀՀ վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում