Իսրայելից վրեժխնդիր լինելու որոշումը կայացված է, մենք կհասցնենք հզոր հարված․ Իրանի ՊՆ ղեկավար
Նմանատիպ
Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու համար Իսրայելից վրեժխնդիր լինելու որոշումն արդեն ընդունվել է և անպայման կիրականացվի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Վրեժխնդիր լինելու որոշումը կայացվել է, և այն անպայման կիրակացվի։ Մենք կհասցնենք հզոր հարված։ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ այդ որոշումը կստիպի Սիոնիստական ռեժիմին զղջալ Իրանի հյուպատոսությանը հարվածելու համար», – ասել է նա։
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ԻՀՊԿ նախկին հրամանատար և քաղաքական խորհրդի գործող ղեկավար գեներալ Մոհսեն Ռեզային:
Խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին, Ռեզային ընդգծել է, որ Իսրայելը «խրված է խորը ճահճի մեջ և հանուն իր փրկության գնում է ցանկացած հանցագործության»: Նրա կարծիքով՝ իսրայելական բանակի ամոթալի պարտությունը, ինչպես պաշտպանության, այնպես էլ իր պատանդներին ազատ արձակելու փորձի ժամանակ, լրջորեն վնասել է նրան և հանգեցրել Իսրայելի հեղինակության կորստին:
Ռեզայիի փոխանցմամբ՝ Իրանն արդեն Իսրայելից վրեժ լուծելու որոշումը կայացրել է, որն անպայման կիրականացնի։
Հիշեցնենք, որ ապրիլի մեկին Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը, ինչի արդյունքում զոհվել էր ԻՀՊԿ 7 սպա, որոնցից երկուսն ունեին գեներալի կոչում։
Նշենք նաև, որ այսօր՝ ապրիլի 5-ին, Իրանի 2 հազար քաղաքներում ի նշան Պաղեստինի՝ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել՝ «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային» կարգախոսներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում