Կանադան ցանկանում է անդամագրվել AUKUS ռազմական դաշինքին
Նմանատիպ
Կանադան բանակցություններ է վարում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ AUKUS ռազմական դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կանդայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
Նա նշել է, որ Կանադան արդեն դիտորդ է AUKUS-ի աշխատանքային խմբերում:
«Մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ, թե ինչպես կարող ենք ավելի սերտ աշխատել: Անկեղծ ասած, սա լավ նորություն է», – շեշտել է Տրյուդոն:
Վարչապետը հավելել է, որ դրական է գնահատում այն փաստը, որ բացի Կանադայից, դաշինքին միանալու բանակցություններ են սկսել Նոր Զելանդիան, և Ճապոնիան նույնպես ակտիվ է:
Նշենք, որ AUKUS-ը եռակողմ պաշտպանական դաշինք է, որը ձևավորվում է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։ Ստեղծման մասին հաղորդագրությունը հրապարակվել է 2021 թվականի սեպտեմբերի 15-ին։ Դաշինքը նպատակ ունի հակազդել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական էքսպանսիոնիզմին։ Դաշինքի շրջանակներում Ավստրալիայի ռազմածովային նավատորմն առաջին անգամ հնարավորություն կստանա ատոմային սուզանավեր կառուցել։
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն անհանգստացած են Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ի ռազմական ներկայության աճով։ Դաշինքի ստեղծման մասին համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում կան իրավակարգի հնարավոր սպառնալիքներ, ներառյալ չլուծված տարածքային վեճերը, ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը։
Պակտը նախատեսում է համագործակցություն պաշտպանական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի, քվանտային տեխնոլոգիաների և հաշվողական տեխնիկայի հիման վրա սպառազինությունների ինքնավար համակարգերի ստեղծման գործում։ Պայմանագրի համաձայն՝ Ավստրալիան առաջին անգամ ատոմային սուզանավերի կառուցման հնարավորություն կստանա։
Մամուլի համար համատեղ վիրտուալ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել են, որ նոր գործընկերությունն ուղղված է տարածաշրջանում «անվտանգության և բարգավաճման աջակցմանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում